«Քաղաքացու մասին, որ ասում եք, քաղաքացի լավ է հնչում, բայց դա այնքան էլ լավ բան չէ, որովհետև քաղաքացու մեջ որևէ բնորոշում չկա, թե ինչ ազգի է պատկանում, ինչ մշակույթի կրող է»,-«Այլընտրանքային նախագծեր» խմբի կողմից «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակում կազմակերպված «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց բանաստեղծ Վահե Արսենը։
Նրա բնորոշմամբ՝ քաղաքացին զուտ մի պետության բնակիչ է, որն ունի այդ պետության քաղաքացիություն և շարժվում է քաղաքացիական համակարգի օրենքներով։ Նրա համոզմամբ՝ քաղաքացի ասվածը սինթետիկ բնույթ ունի․ մենք պիտի կերտենք հա՛յ քաղաքացի, որն իր առաջ ունի առաջնային խնդիր՝ ազգային պետական շահը։ Նա մանրամասնեց․ «Պետք է պահպանել լեզվի ու հոգևոր մշակույթի տարրը, բայց ՀՀ քաղաքացի ասելով՝ երբեմն դուրս է մղվում ազգային տարրը, ազգային, կրոնական, մշակութային»։ Հստակեցմանը՝ քաղաքացին և ազգայինն ու կրոնականը հակադիր բևեռնե՞ր են, բանաստեղծը պատասխանեց․ «Իհարկե, դրանք հակադիր բաներ են։ Օրինակ՝ կուսակցության անվանումը՝ Քաղաքացիական պայմանագիր։ Այսինքն՝ քաղաքացի է, որը պայմանավորվածություն ունի, պայմանագիր է կնքում, և այդպես ստեղծվում է որոշակի համակարգ։ Սա պայմանական բան է, բայց լեզուն, ազգությունը, պետությունը պայմանական լինել չեն կարող, եթե ուզում ենք ունենալ պետություն։ Թե չէ՝ մենք լավ քաղաքացիներ են, բայց դրսում»։
Հարցին՝ ովքե՞ր են երկրի այսօրվա տերերը, Վահե Արսենը պատասխանեց․ «Էսօրվա տերերն ամենավտանգավորն են․ նրանք չեն երևում, մենք տեսնում ենք խամաճիկներ, բայց տերերին չենք տեսնում։ Էլ ավելի վտանգավոր բան կա՝ մենք ծայրահեղության մեջ ենք։ Մտածում ենք՝ սա արևմուտքի մարդն է, հետո ասում են ռուսական, մյուսն ասում է՝ թուրքական։ Տեսնում եք, թե սա ինչ բևեռվածություն է։ Բանականորեն գոնե մոտավոր չենք կարողանում հասկանալ․ հատուկ ստեղծվում է մտային քաոս, որ մարդիկ չկարողանան կողմնորոշվել։ Իսկ այն մարդը, որը դեռ կողմնորոշված չէ, ստիպված դառնում է հլու հնազանդ քաղաքացի»։
Հարցին՝ 680 հազար քաղաքացի ինչպե՞ս կարող էր քվեարկել պարտության հասցրած իշխանության օգտին, Վահե Արսենը պատասխանեց․ «Մեծամասնությունը ոչ թե ընտրել է Նիկոլին կամ նրա ծրագիրը, որը փաստացի չկա, սա նախկինների մերժման ածանցյալ բանն էր։ Իրենք մերժեցին նախկիններին, սա ընդդիմության աներևակայելի սխալն էր, ներկայացան նույն դեմքերով, լուրջ ռեսուրս կար, եթե նոր դեմքեր գային, գոնե նրանց որևէ պիտակ կպցված չէր»։
Կարդացեք նաև
Մինչդեռ ըստ բանաստեղծի՝ երկրի ղեկավարը երեք-չորս նախադասության մեջ ստեղծում է տոտալ հակասություն․ «Ասում է՝ պետք է գան խաղաղապահներ, նշանակում է, որ ռուս խաղաղապահները չպիտի լինեն, մյուս նախադասության մեջ ասում է՝ չէ, միայն ռուս խաղաղապահները պետք է լինեն։ Ի՞նչ է՝ ՄԱԿ-ը պետք է հաստատի՞ ռուս խաղաղապահներին, ինչը չի անի, թե՞ ուղղակի քաոս է ստեղծվում»։
Անդրադառնալով ՀՀ խորհրդարանում իրավիճակին՝ նկատեց․ «Կարծես արդեն հավասարակշռվածություն կա հարցուպատասխանի ժամանակ։ Մինչև այդ ընդդիմությունը խիստ հարձակվողական էր տրամադրված, բայց արդեն այժմ հարցերը երկրորդական են՝ մաքսակետերի հետ կապված և այլն։ Արդեն որոշակի թեթևություն կա, չկա այլևս ընդդիմադիր այդ բանը, որը մինչև այդ նկատելի էր։ Զգացի, որ խորհրդարանում որոշակի հավասարակշռվածություն կա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ