Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին:
Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար:
Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը:
Կարդացեք նաև
Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը եւ մաքսիմալիստական դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:
Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ