Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ստորագրություններով Հայաստանի քաղաքացին, Հայաստանի բնակիչը կանգնած է Արցախի կողքին. Թագուհի Թովմասյան

Մայիս 04,2023 15:07

Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արցախցի իր օգնական Օքսանա Բալայանի հետ, արդեն 2-րդ օրն է, ստորագրահավաք են կազմակերպել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:

«Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին»,-ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ԱԺ պատգամավորը։

«Հանրային տրամադրություններն այն չեն, ինչ փորձում են մեզ մատուցել, իբրև թե Արցախի ճակատագիրը մեզ չի հետաքրքրում, այդպես չէ: Արցախը հետաքրքրում է մարդկանց, և այս ստորագրահավաքը դրա վկայությունն է, արդեն 400 ստորագրություն ունենք, բայց մի կես ժամ չկա, որ սկսել են: Ես կարծում եմ, որ մենք պետք է բոլորին ցույց տանք, որ այս ստորագրություններով Հայաստանի քաղաքացին, Հայաստանի բնակիչը կանգնած է Արցախի կողքին: Ահա այս ուղերձն է, որ ուզում ենք փոխանցել և հանրային տրամադրություններն առկա են, որոնք  ստորագրության տեսքով փոխանցելու ենք միջազգային ատյաններին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:

Իր ստորագրությունը թողած մի պապիկ ևս կոչ արեց բոլորին միանալ այս ստորագրահավաքին և պայքարել ու տեր կանգնել մեր երկրին. «Ես սխալվել եմ, Նիկոլ Փաշինյան եմ ընտրել, էսօր ընկել կրակի մեջ, խնդրում եմ, միացեք, 96 տարեկան մարդ եմ,  բոլոր միտինգներին մասնակցել եմ, մեր տարբեր մտքերը փոխենք, միանանք: Հայ ժողովուրդ, մեր վերջը լավ չի, սենց գնում ենք կորստի»:

Ստորահավաքին մասնակցեց նաև Սամվել Վարդանյանը, որը վերջերս Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար նախ՝  մեկ ու կես ժամով ձերբակալվել էր,  ապա՝ ազատվել աշխատանքից:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի  երեկվա հայտարարությանը, թե իրեն  այնքան են ասել դավաճան, որ ինքն այս բառից չի վախենում՝ Սամվելը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի էր, դավաճան բառից հետո 15-20 բերետավորի, թիկնազորի մոտենալը, ինձ բերման ենթարկելը: Ես կուզենայի առիթը լիներ, ու ես հենց իրեն հարցնեի, որ եթե չի վախենում, սովորական է, նորմալ է ու նույնիսկ վիրավորանք չի, ինչո՞ւ են սովորական քաղաքացու հետ նման կերպ վարվում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության պայմանագրին՝ նա ասաց․ «Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի խաղաղության մասին պատկերացումները  և հայ ժողովրդի պատկերացումները շատ տարբերվում են և ես չեմ պատկերացնում, որ որևէ  ընդհանուր եզր կգտնվի»:

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ստորագրահավաքին մասնակցելուց հետո ասաց․ «Այս պահին արդեն ակնհայտ է, որ ոչ միայն երեկվա փաշինյանական հայտարարություններից հետո, այլ դեռևս 2022 ապրիլից Արցախի հարցում նրա նշաձողի իջեցումից հետո, էլ չեմ խոսում, որ 2018 թվականին իշխանության էր եկել մի ուժ, որի համար Արցախի խնդրի լուծումը՝ պարզապես Արցախի չլինելն էր, և այս պարագայում Նիկոլ Փաշինյանի վերջին մեկ ու կես տարվա հայտարարությունները շատ ընդգծեցին նրանց քաղաքականույթունը Արցախի հարցում: Նրանց համար,  կրկնում եմ, չկա Արցախ՝ չկա խնդիր, և հայաստանյան այս իշխանությունները համարում են, որ Արցախի հարցի փակմամբ, այսինքն Արցախն՝ Ադրբեջանին հանձնելով, պարզապես և՛ անվտանգային խնդիրներն են ավարտվելու, և՛ առհասարակ բարեկեցության հետ կապված հարցերը, բայց հետպատերազմական ժամանակը ցույց տվեց, որ ադրբեջանական հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում , պարզապես Արցախն այն դարպասն է, որի անկումը բերելու է նաև Հայաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական արշավների»:

Տեղեկացնենք, որ ստորագրահավաքը շարունակվում է  և հավելենք, որ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ նախորդ օրվա ստորագրահավաքին երկու ժամվա ընթացքում, եղանակային ցուրտ պայմաններում հասցրել են 200-ից ավելի ստորագրություն հավաքել, որին միացել են քաղաքացիներ ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Մալայզիայից:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031