Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն եմ, որ Փաշինյանի վարկանիշը ցածր է, բայց հետազոտությունն էլ մանիպուլյատիվ բան է». Սոցիոլոգ

Մայիս 04,2023 14:45

Հրապարակվել են ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները:

Ի թիվս այլնի, ըստ այդ հետազոտության,  հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, եւ ընդամենը  36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է: Նաեւ IRI-ի կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալների համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 14% է, եւ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21% -ը,  իսկ Երևանում այդ ցուցանիշը 17% է:

Aravot.am-ը այս պատկերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանից: «Հետազոտությունը եւ հրապարակված արդյունքները բավարար չեն քաղաքական նմանատիպ եզրակացություն անելու համար: Ընդհանրապես ցանկացած հարցում ունի իր սահմանափակումները, կոնկրետ նրանից, որ բնակչության 52 տոկոսը խոսում է, թե երկիրը սխալ է զարգանում, չի հետեւում, որ պրոռուսական ուժերը հաղթել են, եւ այդ մարդիկ ասում են՝ սխալ է, ուրեմն համարում են՝ սխալ է: Կարող է այդ մարդիկ համարում են, որ մենք վաղուց պետք է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գայինք ու մտնեինք ԵՄ:

Երբ քաղաքական ուժերը փորձում են մեկնաբանել նման հետազոտությունները, դրանք մեկնաբանում են որպես մանիպուլյացիա: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, կտրականապես համաձայն  եմ, որ այն շատ ցածր է… առաջինը ես եմ այդ մասին ասել, որ իր թիմի ցանկացած քաղաքական սխալի համար վճարում է իր վարկանիշով: Սա կրկնում եմ մեկ տարուց ավելի … Մհեր Գրիգորյանի, Տիգրան Ավինյանի ու  մյուսների բացթողումների համար Նիկոլ Փաշինյանը վճարում է իր սեփական վարկանիշով: Չնայած, ըստ այդ հետազոտության,  Երեւանում ՔՊ-ի վարկանիշը 17 տոկոս է, Հայաստանում մի փոքր ավելի,  բայց քաղաքական վարկանիշը նմանատիպ հետազոտություններով չի չափվում, այստեղ մեթոդաբանական սխալ կա: Դա ֆաստֆուդ է, մինչեւ տվյալները նորմալ  չմշակվեն, պատճառահետեւանքանին կապերն ու մնացածը չուսումնասիրվեն, այս տվյալներն օգտագործելն իմաստ չունի: Իհարկե, ընդհանուր գաղափարապես դա ինչ-որ թրենդների, պատկերների մասին է խոսում»,-ասաց սոցիոլոգը:

Ապա հավելեց. «Անթույլատրելի եմ համարում այս տվյալների ներկայացումը, երբ, օրինակ  Ֆրանսիան եւ ԵՄ-ն տարբերի տողերով են տրված, վարկանիշների մեջ առանձին կա Ֆրանսիա, եւ առանձին ԵՄ, սա արդեն զրոյացնում է բոլոր  արդյունքները, եւ նշանակում է, որ հետազոտության  կազմակերպիչը, տվյալների մշակողը, վերլուծություն գրողը եւ դա հրապարակողը խնդրին չեն տիրապետում: Ֆրանսիան արտաքին քաղաքականության մեջ ԵՄ ներկայացուցիչ է: Եթե Ֆրանսիան մի բան ասում է, պատասխանատու է ԵՄ-ի առջեւ»:

Կարեն Սարգսյանի խոսքով. «Երբ հարցնում ես՝ ինչ լավ բան է արել կուսակցությունը, իշխանությունը կամ  կառավարությունը,  այդ վարկանիշն այդպես չի տրվում, վարկանիշի ցուցադրման ձեւ կա, որի մասին այժմ չեմ բարձրաձայնի, այն էլ ընտրություններից առաջ, քանի որ մասնագիտական գաղտնիք է: Կասեմ, որ շատ անգրագետ կերպով ներկայացված տվյալներ են: Ինստիտուտն իհարկե լուրջ է, պատվիրատուն լուրջ է, հետազոտություն անցկացնողը ժամանակին բավականին պրոֆեսիոնալ հետազոտություններ է արել եւ ՀՀԿ-ի մտերիմ հետազոտական ընկերությունն է: Իսկ մասնագիտական տեսանկյունից, կրկնում եմ՝ խնդիրներ կան : Իմ ուսանողներն են այնտեղ աշխատել, իրենք սխալներ են թույլ տվել, նրանք ինձ մոտ հաստատ ստուգարք չէին ստանան: Մի խոսքով, հետազոտությունը մանիպուլյատիվ բան է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031