Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս պահին պետք է խոսել արցախահայերի իրավունքների ու անվտանգության մասին, ոչ թե ինքնորոշման․Սարգիս Խանդանյան

Մայիս 04,2023 13:57

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ ամերիկյան կողմի հայտարարությանը, թե բանակցային գործընթացում առաջընթաց է արձանագրվել։

«Առաջընթացի կամ ընդհանրապես բանակցությունների բովանդակության վերաբերյալ այս պահին շատ ասելիք չունեմ, որովհետեւ բանակցություններն այսօր եւս շարունակվելու են։ Կրկին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ են այսօր երեկոյան տեղի ունենալու բանակցությունները։ Կարծես թե այսօր ավարտվում են ամերիկյան բանակցությունները, եւ բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի հարցի արծարծմանը, Խանդանյանն ասաց․ «Եթե ընթերցել եք երեկվա եռակողմ հանդիպումից հետո արտգործնախարարության հայտարարությունը, ապա այնտեղ արտգործնախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցը։ Իսկ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը մեր հանրային քաղաքական դաշտում արդեն մի քանի ամիս է՝ ընթանում է, եւ այս մասին բավական մանրամասն խոսել է վարչապետը վերջերս։ Ուստի, այս պահին մենք պետք է արձանագրենք այսօրվա խնդիրը, որը ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների խնդիրն է։ Եվ առաջ շարժվենք այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, իսկ բանաձեւը, թե դա ինչպես պետք է արվի, դա բավականին վաղուց Հայաստանի բանակցողները հայտնում են։ Խոսքը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային տեսանելի մեխանիզմի մասին է»,- հավելեց Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում քննարկվում են նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի հետքաշման եւ սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հարցերը։ Խանդանյանը նշեց, որ որեւէ փաստաթղթի նախաստորագրման մասին այս պահին ոչինչ ասել չեն կարող։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031