«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է, քանի որ պլանտացիաներն են ավելացել աշխարհում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում հնչած ցուցանիշներին, ըստ որոնց՝ ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է։
Մինասյանի ներկայացմամբ՝ «Հայաստանում այդ ցուցանիշը մի քիչ ավելացել է, որովհետեւ տնտեսական աճի եւ զբոսաշրջության կտրուկ աճի, միլիոններով են սկսել գալ Հայաստան, դրա հետ ռիսկերն ավելանում են։ Նորմալ է, բայց դրա համար ունենք ՆԳՆ, ավելի լավ գործող եւ զարգացող պարեկային ծառայություն եւ շատ արագ կտեսնեք՝ ինչ արդյունավետ է սկսում գործել»։
Հանցագործությունների ավելացման մասին էլ Մինասյանն ասաց՝ անցյալում շատ հանցագործություններ ուղղակի չէին բացահայտվում․ «Նույնիսկ չէին արձանագրվում, դրանք լատենտային էին, ոչ ոք չէր իմանում դրանց մասին։ Հիմա քանի որ սիստեմը սկսում է լավ աշխատել, բնականաբար, հանցագործություններն ավելի շատ են արձանագրվում։ Եթե առաջ չէր բացահայտվում կոռուպցիոն հանցագործութունը, դա չէր նշանակում, որ կոռուպցիա չկար»։
Հարցին՝ նախկինում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ խորհրդի նիստերին էիք մասնակցում, դուք արձանագրո՞ւմ էիք կոռուպցիայի դեպքերը, Մինասյանը պատասխանեց՝ «Ես արձանագրող չինովնիկ չեմ եղել, իմ մտահոգությունը միշտ բարձրաձայնել եմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ