Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։
Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Նախարար Պապիկյանն այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Կարդացեք նաև
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։
ՀՀ ՊՆ