Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

382 մլն դրամ կհատկացվի միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նորոգման աշխատանքների համար 

Մայիս 04,2023 13:34

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակի համար գործադիրը կհատկացնի  382 մլն դրամ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը նախատեսվում է հատկացնել մի քանի, հիմնականում  նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար: Մասնավորապես՝ 135 մլն դրամը նախատեսվում է հատկացնել երեք հետևյալ ծրագրերի համար` Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ,  Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի և  Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածների աշխատանքներն ավարտելու համար:

Գնել Սանոսյանը նշել է նաև, որ միջին նորոգման աշխատանքները սկսվել են իրականացվել 2018 թվականից. Իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտի վերականգնման, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նորոգման աշխատանքներ: Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածի շահագործման ժամկետը պահպանվում է շուրջ 5-7 տարի:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ կստեղծվեն տարածքային ստորաբաժանումներ

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի ներդրումը:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ օրինագծերով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել Ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պարտաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար: Ըստ հիմնավորման, ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում /նաև Երևան քաղաք/ ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը: Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Այսպիսով, մեկնարկած ռեֆորմների ամբողջական իրագործումից հետո, Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաև պարեկային ծառայության, ոստիկանության գվարդիայի և համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին: Նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար։ Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Նախագծերով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։  Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։ Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ

Գործադիրի հավանությանն է արժանացել  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»,  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար: Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռնել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով: Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ  ավարտած և սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց 3 տարի հետո: Բացի այդ, կստեղծվի բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ ամբողջական բազա, հստակ կսահմանվեն առողջապահության ոլորտի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերը: Կնախատեսվի վարչական պատասխանատվություն` առանց անցումային կամ անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելու և իրականացնելը թույլատրելու համար, կվերացվեն իրավական բացերն ու անհամապատասխանությունները:

Կառավարությունը հաստատել է ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինստիտուտը տևական ժամանակ  ռեկտորի ժպ ուներ: «Ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց, և այսօր արդեն ունենք ապրիլի 20-ի հոգաբարձուների խորհրդի նիստով ընտրված ռեկտոր՝ Սառա Նալբանդյանը: Նա ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու է և դոցենտ, ինչպես նաև արտերկրի բուհերի հետ համագործակցության մեծ փորձառություն ունի, աշխատանքի փորձ՝ նաև ԵԹԿՊԻ-ում»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նոր ռեկտորը կկարողանա հաջողությամբ իրականացնել բուհի ղեկավարման աշխատանքները:

Սառա Նալբանդյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել   իրեն վստահելու համար:  «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը: Եվ կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել դրանք»,-ասել է ռեկտորը՝ վստահեցնելով, որ աշխատանքի ընթացքում անընդմեջ վերանայելու է բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները:

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը  փոխհատուցելու համար: Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ 2021 թ.-ին  կառավարության 5 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ, 2022 թ.-ին՝  3 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 382,307.7 հազար դրամ:

Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թ. ամռանը և 2022-2023 ուսումնական  տարվա առաջին կիսամյակից սահմանված կարգով և ժամկետներում ուսումնառությունը շարունակող ուսանողներ են: 2022 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թ.  մարտի 30-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած 59 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16,344.8 հազար դրամ:

 Հավանության է արժանացել Քարակերտի քարաձուլման գործարանի  ներկայացրած գործարար ծրագիրը. կիրականացվի  1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Գործադիրը հավանություն է տվել  Քարակերտի քարաձուլման գործարանի  ներկայացրած գործարար ծրագրին: Գործարանը  հիմնադրվել է 1998 թ.-ին  և զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հանդիսանում է հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկությունը: Գործարանը օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։ Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն, ուստի ընկերությունը նախատեսում է արտադրանքը արտահանել Վրաստանի Հանրապետություն, այնտեղ օգտագործման նաև վերարտահանման նպատակով դեպի ԵՄ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներ։ Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին և արտադրության մեկնարկը կտրվի 2023 թ.-ին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028 թ. ստեղծել 85 նոր աշխատատեղ։

Կսահմանվեն առանձնահատուկ պահանջարկ ունեցող նոր տեսակի համարանիշեր

 Կառավարությունը հավանություն է տվել  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:  Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ: Վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր և թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները: Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։  Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

Միջազգային համագործակցություն. Հայաստանում կստեղծվեն  ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. դեկտեմբերի 13-ին և 2023 թ. փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձևով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև  համագործակցության զարգացմանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։ Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ և ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաև ՀՀ և ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Գործադիրը հավանություն է  տվել  2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը: Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Մահապատժի արգելքն` առանց սահմանափակումների, ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Բացի այդ, ՀՀ հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով:  ՀՀ-ի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի կարևորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով:

Հավանության է արժանացել 2022թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելու ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը: Արձանագրությամբ, մասնավորապես, առաջարկվում է  սահմանել, որ անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակում են էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ցանկը, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Նախատեսվում է նաև սահմանել էլեկտրոնային եղանակով ծառայություններ ստացող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության իրականացման վայրի որոշման կանոնները:

Հավանություն է տվել նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ կստեղծվեն։

Կրթահամալիրներ կստեղծվեն Արարատի և Կոտայքի մարզերում

 Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներում՝ 268,500.0 հազար դրամ ուղղելով ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Կառավարության  որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման ծրագիրը։ Այսպիով՝ կրթահամալիրներ են ստեղծվելու Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող և Նոր Կյուրին բնակավայրերում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։ Որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 25 հաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Էլիտ-շեն» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել բետոնե բլոկների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Աբովյանում՝ իրականացնելով 65-70 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ մինչև 250-300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.3 մլն դրամ։

Ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվի նաև «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝  իրականացնելով  76.8 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.9 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031