Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաշինյանի եւ ՔՊ-ականների լուսանկարները նետեցին գետնին, տրորեցին եւ կարմիրով ներկեցին․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցույց են անում

Մայիս 04,2023 13:03

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում։

Նրանց են միացել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ։

Ցույցի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների լուսանկարները նետեցին գետնին, ոտքերը սրբեցին նկարների վրա։

«Հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները պատասխանատվության են ենթարկվելու եւ անպաման կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այս դուռը (նկատի ունի կառավարության շենքի գլխավոր մուտքը- Ն․Բ․) ժողովրդի դուռն է, իրենք կարող են գալ եւ քացով դուռը բացել։ Մենք քացով դուռ չենք բացելու, մենք էստեղ ենք Նիկոլի հրավերով, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ անցել են այն ժամանակները, երբ այս դռները այլեւս քաղաքացիների համար անձեռնմխելի են։ Մենք տեսնում ենք այդ մարմինը, որն այստեղ չէ, այդ մարմինը պաշտպանող ոստիկանների շարասյուն, այն մարմինը, որի տերն ասում էր՝ այս դուռը ժողովրդի դուռն է, մի հատ էլ Իսկանդեր բերեիք, դնեիք այստեղ»,-ասաց ցույցին մասնակցող քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նա կարմիր ներկով ներկեց գետնին ընկած լուսանկարներն ու ասաց՝ սա այն արյունն է, որոնցով ողողվելու է Ալիեւի եւ նրա 6-րդ շարասյան տանդեմը։

Զոհրաբյանը, անդրադառնալով երեկ Աժ-ում Փաշինյանի հայտարարությունը՝ «Խնդիրը հետեւյալն է՝ ինչքանո՞վ մեզ կհաջողվի ձեւավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք ընդունելի կլինեն ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար», հիշեցրեց Փաշինյանի նախկինում արած հնչեցրած հայտարարությունը․«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ որ պահին հայ ժողովուրդը մերժի իմ առաջարկները, ես հրաժարական եմ տալու։ Նիկոլ, էդ քո ո՞ր  պարամետրն է ընդունելի եղել հայ ժողովրդի համար։ Արցախը հանձնելու պարամե՞տրն եղել, թե՞ Հայաստանի սուվերեն տարածքը հանձնելու պարամետրն է եղել։ Հինգ հազար զոհե՞րն են եղել ընդունելի հայ ժողովրդի համար, որ հրաժարական չես տվել։ Մենք գիտենք քո խաղաղության պայմանագրի պարամետրերը՝ ինչպես ասաց Ալիեւը՝ Նիկոլ Փաշինյանը եթե Ա-ն ասել է, Բ-ն էլ պետք է ասի։ Այսինքն՝ հրապարակային պետք է ասի՝ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ։ Ալիեւ, արա, քանի անգամ է Նիկոլ  Փաշինյանը ասել՝  մեզ ստիպում են իջեցել Արցախի կարգավիճակի նշաձողը, որը սուտ է։ Քանի անգամ է Նիկոլ Փաշինյան ասել, որ Արցախի ինքնորոշում այլեւս չկա, եւ լավագույնը, որ մենք կարող ենք աղերսել, որ ցեղասպանության չենթարկվի հայ ժողովույրդը։ Ասում է՝ ինձ այնքան են ասել դավաճան,  ես վատ չեմ զգում դավաճան բառից։ Քեզ այնքան են ասել  թուրք, թուրք բառից էլ վատ չես զգում։ Ասում էիր՝ նորմալ է, որ ինձ թուրք են ասում։ Բա որ նորմալ է, Արմեն Գրիգորյանին ինչո՞ւ տարաք դատարան,  քաղաքական սպանություն էր, թրքահպատակներ, ուրախանայիք, որ Արմենը ձեզ կոչել է ձեր անունով եւ մի հատ էլ շնորհակալություն հայտնեիք»։

Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action in front of the RA Government’s building

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն էլ ասաց՝ ամեն օր զարթնում ենք, կարծում, որ այս մղձավանջը կավարտվի, բայց ամեն անգամ Փաշինյանը նոր հակառեկորդ է սահմանում։

«Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց՝ շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին՝ իմ ծննդյան օրը, ստորագրեմ խաղաղության պայմանագիրը։ Դու հունիսի 1-ին կլինես բանտում ու կնախապատրաստվես պատասխան տալ քո գործած մեղքերի համար։ Ամեն օր զարթնում եմ հույսով, որ հայ ժողովուրդը կսթափվի, կհասկանա, թե ինչ նոր ցեղասպանության շեմին ենք կանգնած։ Ժողովուրդը պիտի հասկանա՝ եթե ոտքի չկանգնի հանուն Հայաստանի եւ իր ապագայի, ապա հարյուր տարի եւ ավելի, ի վիճակի չի լինելու գլուխը բարձր պահել»,-ասաց Նաիրա Մելիքյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031