Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը, ի տարբերությունը Նիկոլ Փաշինյանի, գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը»․ Արծվիկ Մինասյան

Մայիս 04,2023 12:47

«Ալիեւը, ի տարբերությունը շատ ՔՊ-ականների, ներառյալ Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այսինքն՝ միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում։ Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարություններում՝ մինչեւ այս իշխանությունների այս վարքագծի դրսեւորումը, դա կար։ Բոլորը խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Եվ նույնիսկ Ալմաթիի հռչակագիրը, որին հղում են կատարում  Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որեւէ ձեւով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ներառում Ադրբեջանի մեջ։ Ալմաթիի հռչակագիրը, երբ եղել է, ԼՂՀ-ն արդեն անկախ է եղել եւ բացարձակ կապ չունի անկախ Ադրբեջանի հետ։ Եթե այս շեշտադրումը լիներ, որեւէ խնդիր չկար։ Բայց ինքը չի ասում դա, ինքը շարունակաբար Արցախը մղում է դեպի Ադրբեջան, ինքը վտանգավոր հայտարարություններ է անում»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ գրված է, որ Արցախի՝ գոնե այս հատվածում ՌԴ խաղաղապահ ուժերն ունեն վճռական դերակատարություն։ «Հիմա հարց է առաջանում՝ բա եթե դու խոսելու ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին, անվտանգության մասին կամ, իրենց տերմինաբանությամբ, բոլոր իրավունքների մասին, բա հիմնական երաշխավորներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունն ո՞ւր է։ Բա դուք նստած իրար հետ խոսում եք մի ժողովրդի իրավունքի մասին, եւ այն երկիրը, այն կողմը, որը պետք է նաեւ առարկայական գետնի վրա ապահովի նաեւ իրավունքների պաշտպանությունը, ինչո՞ւ չի մասնակցում այդ պրոցեսին։ Սրանք հարցեր են, որոնք բերում են եզրակացության՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ցանկացած վարքագիծ, որն ուղղված է ուղիղ Ադրբեջանի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն, դուրս է մղում միջազգային այն ձեւաչափը, որը ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից հիմնարար է։ Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է։ Այսինքն՝ այն, ինչ իրենք հիմա անում են, բացարձակ չի համապատասխանում ոչ իրենց խոստումներին, որով եկել են կամ վերազավթել են իշխանությունը եւ ոչ էլ մեր ազգային շահերին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031