Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին դիմում ենք միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ. Արցախի ԱԳՆ

Մայիս 04,2023 12:44

Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից:

Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլն: Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ և սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը, ինչպես նաև կեղծ պատմական թեզեր առաջ քաշելով՝ արդարացնել հայկական հուշարձանների ոչնչացումը կամ այլափոխումը։

Մասնավորապես, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ․) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են և անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության և ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպես կոչված «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։Վանդալիզիմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակի գնահատման և դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են. դրանք կամ այլափոխվում, կամ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության արդյունքում:

Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։

Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և դրանք միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով:

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031