Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է, ես շատ հեռու պատմություն չեմ ուզում գնալ, հիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։ Առաջին պահանջ՝ Կաշենի հանք, հանքը փակվեց, ե՞ւ, վերացվե՞ց այդ շրջափակումը։ Հետո Ռուբեն Վարդանյանին պաշտոնից զրկում, Ռուբեն Վարդանյանը պաշտոնից զրկվեց, ե՞ւ։ Այսինքն՝ սա թուրքական քաղաքականություն է, սա թուրք-ադրբեջանական էությունն է՝ հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ, եւ ինչքան դու ընկրկում ես, հետ ես գնում, էնքան իրենք ավելի լկտիանում են, էնքան ավելի պահանջներ են ներկայացնում։ Եվ հիմա այս նույն գործընթացը, մեր խորին համոզմամբ, Վաշինգտոնում է տեղի ունենում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների չակերտավոր համապարփակ կարգավորում։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը հստակ ասաց՝ Ղարաբաղը մոռացեք։ Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից։ Դա իրենց դիրքորոշումն է։ Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում։ Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց»,- ասաց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում։
«Եվ այս բանակցություններում մեկ էլ պատահաբար հայտնվում է Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցությունների չակերտավոր մասնագետ է։ Այսինքն՝ այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել եւ ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Այսինքն ՝ մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ