Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանի հետ զրույցը վերաբերում էր ծառային սպանդին, որը վերջին շրջանում իրականացնում է քաղաքապետարանը՝ հայտարարելով, թե հին, սնամեջ ծառերը փոխարինում են նոր ծառատեսակներով։ Ճապոնական բալենին կամ սակուրա ռոյալ բուրգուդին վերջնականապես գրավեց Երեւանի փոքր կենտրոնը՝ Մոսկովյան փողոց-Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտայի վերջնամասը։ Ուլնեցու փողոցում են թեղիներ կտրվել, եւ հատված առ հատված նոր ծառեր են տնկվել՝ ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա կամ, ինչպես ասում են, կաշտաններ։
«Այնտեղ մնացել է մի կվարտալ, որտեղ սոսիներ պետք է դնենք։ Լրացումներ ենք արել Բաղրամյան պողոտայում կաղնիներով, այսինքն՝ դրանք նոր ծառեր են, ոչ թե հների տեղը տնկված։ 15 սմ լայնությամբ, 3-4 մետր բարձրությամբ լոգոներով ծառեր, նույն ոճով, որով սակուրաներն են դրված։ Բաղրամյան պողոտան՝ կաղնիներով, Էրեբունի փողոցը՝ կաղնիներով, Ազատության պողոտան՝ սոսի արեւելյանով։ Փոխարինում իրականացրել ենք Սայաթ-Նովայի պողոտայում, Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Տերյան խաչմերուկ, որտեղ տնկվել են 55 գնդաձեւ սոսիներ»,- ամփոփում է Արթուր Խալաթյանը։
– Ծառահատումներն ավարտե՞լ եք եւ ինչո՞ւ գոնե զուգահեռ չեք տնկում նոր ծառերը, ապա կտրում հին ծառերը։
– Այնպես չի եղել, որ մենք ծառը հատենք ու տեղը չդնենք։ Մենք աշխատանքներն այնպես ենք կազմակերպում, որ եթե մտել ենք մի ինչ-որ փողոց, ապա աշխատանքները խաչմերուկից խաչմերուկ ավարտում ենք ու այնպես ենք պլանավորում, որ հատումն ու տնկումը մեկ օրվա խնդիր լինեն։ Այսինքն՝ չկա էնպիսի բան, որ ծառը կտրենք, ու վայ՝ եղանակ չկա, մի ամիս հետո նոր տնկենք։
– Հիմա ծառահատումն ու ծառատունկը շարունակվո՞ւմ են դեռ, թե՞ դադարեցրել եք։
Կարդացեք նաև
– Քանի որ դրանք թանկարժեք ծառատեսակներ են, մեծ հողագնդերով, գիտությունը թույլ է տալիս եղանակային տարբեր պայմաններում իրականացնել տունկ։ Բայց հաշվի առնելով մեր բնակչության գերսրտացավությունը, ինչը միմիայն գովելի է, մենք ավելորդ սթրեսային վիճակներից զերծ մնալու համար, եղանակային խիստ տաքացումներին ընդառաջ, աշխատանքները դադարեցնում ենք ու տեղափոխում ենք աշուն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: