ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բանակցային գործընթացում ամեն ինչ հայտնի է։
«Նախ պետք է ճշտել, թե ո՞ւմ է հայտնի։ Ինձ հայտնի չէ, դե իրենց, բնականաբար, հայտնի է։ Գուցե ինչ-որ ընդհանուր թեզերի մասին մենք հնարավորություն ունենանք պատկերացում կազմել, բայց այլ բան է փաստաթղթի մասին խոսել՝ որպես գոյություն ունեցող փաստաթուղթ կամ նախագիծ, այլ բան է, երբ մենք խոսում ենք այդ փաստաթղթի հնարավոր ձեւակերպումների մասին։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ մենք հնարավոր ձեւակերպումների մասով խոսենք, բայց ես ունեմ իմ հաստատ դիրքորոշումը, որ որեւէ դեպքում չպիտի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը հանկարծ որեւէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։ Եվ արցախցիների հարցը էթնիկ փոքրամասնության կամ որեւէ այլ կարգավիճակով՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում քննարկելը, անթույլատրելի է, որովհետեւ մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ ադրբեջանցիները մի օր գիշեր արթնանալու են եւ էլի Ռամիլ Սաֆարովի օրինակով ուղղակի սկսելու են կացնահարել։ Այսինքն՝ խաղաղ համագոյակցությունը Ադրբեջանի հետ ես չեմ պատկերացնում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ եթե անգամ միջազգային մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ հարաբերություններում, դա խնդրահարույց է լինելու։ «Ես շարունակելու եմ դա խնդրահարույց համարել, որովհետեւ համարելու եմ, որ մենք Արցախին թողեցինք միայնակ Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը միայնակ չէ, իր թիկունքին ունի Թուրքիա, իսկ մենք իրավունք չունենք 120 հազար բնակիչ ունեցող Արցախին թողնել միայնակ Ադրբեջանի հետ»,- նշեց Թովմասյանը։
Անդրադառնալով ամերիկյան կողմի հայտարարությանը, թե բանակցություններում առաջընթաց կա, Թագուհի Թովմասյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ առաջընթացը վերաբերում է նրան, որ բանակցությունները կայացել են եւ արդեն երրորդ օրն է՝ գնում են։ Այլ առաջընթաց չեմ պատկերացնում, որ կարող է գոնե մեզ համար լինել։ Մեզ համար առաջընթաց կարող էր այն լինել, որ մենք Արցախի ինքնորոշման հարցը կարողանայինք տեղավորել այդ փաստաթղթում, եւ գոնե մենք կարողանայինք Ֆրանսիայի նախագահի ձեւակերպումները դարձնել իրավական փաստաթուղթ։ Մեզնից շատ Ֆրանսիայի նախագահն է խոսում Արցախի ինքնորոշման մասին, նաեւ Գերմանիայի կանցլերը խոսեց։ Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ