Կարգավորման նոր իրավական հիմքերի անհրաժեշտությունը կարող է հիմնավորվել, մեղմ ասած, միայն գործող փաստաթղթերի անկիրառելիությամբ: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը հետեւողականորեն քայլեր է ձեռնարկում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը հերթով չեղարկելու ուղղությամբ, որի վերջնական հանգրվանը Լաչինի միջանցքի փակումն է: Հետեւաբար, հակամարտության կարգավորման նոր կամ արդեն ՌԴ-ի նախաձեռնածին մրցակցող ԱՄՆ-ի նախաձեռնությամբ լրացուցիչ իրավական հիմքի ի հայտ գալու համար մեղադրանքները պետք է ուղղվեն ոչ թե Հայաստանին ու ԱՄՆ-ին, այլ առաջին հերթին Ադրբեջանին, որն իր հետեւողական քայլերով չեղարկում է եռակողմ հայտարարությունն ու դրան հաջորդած ընդունված փաստաթղթերը, եւ հենց Կրեմլին, որը գործուն քայլեր չի անում գոնե Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:
Հայաստանն այս իրավիճակում առաջնորդվում է իր անվտանգային համակարգում առաջացած բացերի փակման գործողություններով՝ զուգահեռ փորձելով լուծել Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը: Այն ցանկացած պետության գոյության կենսական պահանջ է եւ չի նշանակում, թե Երեւանը դեմ է գործող եռակողմ հայտարարություններին: Հակառակը՝ այսօր Հայաստանը, թերեւս, միակ պետությունն է, որը հետեւողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու հարցում, թեեւ այն հայ ժողովրդի երազած փաստաթուղթը չէ, բայց Ադրբեջանի գործուն ջանքերով եւ ՌԴ ոչ գործուն հակաքայլերի պատճառով արդյունքների չի հասնում, հետեւաբար, խաղաղության լրացուցիչ մեխանիզմների ներգրավումը հայկական կողմի համար օրախնդիր է դառնում:
Գործընթացների այս համայնապատկերում հայկական կողմի համար առաջնային է, որ տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը միտված ցանկացած նախաձեռնություն կամ հնարավոր փաստաթուղթ ոչ թե հակադրվի արդեն գոյություն ունեցողին, այլ լրացնի միմյանց: Սա առաջնային գերխնդիր է, քանի որ հակառակ դեպքում տարածաշրջանային կարգավորման գործընթացը կտեղափոխվի ՌԴ-Արեւմուտք հակադրությունների եւ պայքարի տիրույթ, ինչը չի կարող դրական արդյունքներ ապահովել ընթացող կարգավորումների համար՝ մեծացնելով տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: