ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է իր հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսներին: Այդ արդյունքները որոշակի աշխուժություն են առաջացրել ընդդիմադիր շրջանակներում: Բայց, կարծում եմ, իզուր:
Այն, որ մեր քաղաքացիների մեծ մասը դժգոհ է երկրի վիճակից, դա, կարծում եմ, ակնհայտ է առանց որեւէ հարցման: Սակայն ինձ համար պարզ է նաեւ, որ ասպարեզում եղած գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Նիկոլ Փաշինյանը: Հիմա ընդդիմադիրները ոգեւորվում են, ասելով՝ տեսեք, Փաշինյանն ունի ընդամենը 14% վարկանիշ, բայց այդ թիվը չի կարելի դիտարկել մեկուսի, այլ տվյալներից անջատ: Պետք է նայել, թե Փաշինյանից հետո վստահության առումով ովքեր են գալիս, եւ ինչ տոկոսով: Ըստ այդմ՝ 2- րդ տեղում Արարատ Միրզոյանն է՝ 3%, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Արամ Զ.Սարգսյանը եւ Ալեն Սիմոնյանը հավաքել են 2-ական տոկոս: Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը իշխանության ներկայացուցիչներ են, Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր է, բայց արդեն մի քանի ամիս է, որ ասպարեզում չկա, իսկ Արամ Սարգսյանին կարելի է ընդդիմադիր համարել մեծ վերապահումով. նրա հիմնական թեման Ռուսաստանն է, եւ նրա՝ երբեմն արդարացի քննադատությունից կարելի է հասկանալ, որ մեր աղետների պատճառը հենց այդ երկիրն է, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը:
Մնացած՝ իշխանավոր կամ ընդդիմադիր գործիչներից ոչ մեկն այս վարկանիշային ցուցակում նշված չէ, ինչից կարելի է ենթադրել, որ կա՛մ նրանց հավաքած տոկոսները չնչին են, կա՛մ նրանց անունները նշելու ենթակա չեն համարվել:
Բայց այդ հարցման մեջ ամենահետաքրքիր տվյալը 64%-ն է՝ այդքան քաղաքացի հայտարարել է, որ ոչ մեկին չի վստահում: Դա նշանակում է, որ մարդիկ խորապես, մեղմ ասած, հոգնել են քաղաքական գործիչներից եւ կուսակցություններից: Հետեւաբար, եթե Փաշինյանի հակառակորդները ցանկանում են իշխանափոխություն անել, ապա նրանք, կարծում եմ, պետք է դիմեն ոչ ստանդարտ քայլերի: Նման մի բան էր ժամանակին առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեք նախկին նախագահները միանում են, բայց հայտարարում են, որ անձամբ չեն հավակնի որեւէ մանդատի կամ պաշտոնի, եւ որոշ ժամանակ կառավարությունը բաղկացած չի լինելու քաղաքական գործիչներից: Կոնկրետ այս առաջարկը ներկա պահին, ըստ ամենայնի, այլեւս արդիական չէ: Բայց ցանկության եւ անձնական ամբիցիաներից վեր կանգնելու պարագայում կարելի է նմանատիպ մի լուծում գտնել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ