Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարությունը որդեգրել ենք, ոչ թե մեր որդին է…»

Մայիս 04,2023 13:30

Ի՞նչ վիճակում է Արամայիս Սահակյանի արխիվը

Վերջերս արխիվներս քրքրելիս ձեռքիս տակ ընկավ 1995թ. փետրվարի 27-ին Գերագույն խորհրդի նստաշրջանում Արամայիս Սահակյանի հայտարարություններից մեկը: Նա անդրադարձել էր նախագահական պալատի դիմաց փակված լրատվամիջոցների եւ «Հայլուր» լրատվական գործակալության աշխատակիցների նստացույցին. «Լրագրողների նստացույցը ցույց է տալիս, որ ծանր նստվածք է տալիս եւ ծանր է նստում մեր որդեգրած ժողովրդավարության վրա (ըստ երեւույթին նրա համար, որ ժողովրդավարությունը որդեգրել ենք, ոչ թե մեր որդին է…): Ազատ մամուլ, հազիվ մի բան կար, դա էլ վերացրին, փաստորեն 1-ին, 2-րդ իշխանությունների դրդմամբ, 3-րդ իշխանությունը վերացրեց 4-րդ իշխանությանը: Ըստ որում՝ դա արվեց առանց օրենքի, առանց դատավարության, տանելով խմբագրությունների ունեցվածքը, համակարգիչները, թուղթը եւ այլն: Ընդհուպ՝ նստացույցը նստածեծի վերածելով: Կարծում եմ՝ սա քաղաքակիրթ պետության քաղաքակիրթ վարք չէ, կարծում եմ, հանրապետության անկախ դատախազությունն ու անկախ դատարանը կվերանայեն այս հարցը, եւ նստացույցին նախորդած մեղավորներին կստիպեն որոշ ժամանակ նստել….»:
Ըստ նրա հայտարարության. «Անդրադարձ», «Առագաստ», «Միտք»…փակելով, փակում ենք ազատ միտքը, ստեղծելով վատ անդրադարձ ներսում եւ դրսում. «Շնորհակալություն իշխանությանը, որ հումորի զգացում ունեցավ, «Ոզնին» պահեց: Չեմ կարող լռել նաեւ Գերագույն խորհրդի լրատվական հանձնաժողովի տարօրինակ լռության մասին, ընդդիմադիր մամուլը սիրելի Տեր-Գուլանյանի կողմից անտեր թողնելը: Սա գեղեցիկ չէ, սիրելիներս, լավ չէ, հարազատներս, տարօրինակ, բայց եւ հասկանալի է պաշտոնական եւ իշխանամետ մամուլի ոչ համերաշխությունը գործընկերների նկատմամբ: Իհարկե, ընդդիմադիր թերթերում եղել են նաեւ ծայրահեղ գնահատականներ, բայց ընկերների նեղ պահին կարելի է մեծահոգաբար ձեռք մեկնել նրանց»:
Առաջին միտքը, որ ծագեց, որտեղ է, ինչ վիճակում է գտնվում Սահակյանի արխիվը:

Հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, «Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիր, ԳԽ պատգամավոր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի վարող-հեղինակ Արամայիս Սահակյանն իր մահկանացուն կնքել է տասը տարի առաջ` 2013թ. մարտի 14-ին:

Նա «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիրն ու տնօրենն էր 1982թ. փետրվարից:

«Ոզնին» հիմնադրվել է 1954թ. մարտին: Առաջին խմբագիրը եղել է Հրաչյա Քոչարը, երկրորդ խմբագիրը՝ Գիգին՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

Պարզապես հիշենք, որ երրորդ գլխավոր խմբագրի՝ Արամայիս Սահակյանի օրոք երգիծաթերթի տպաքանակն աճեց, այն հասնում էր 200 000-ի:

Չնայած գլխավոր խմբագրի մահվանից հետո նրա այրին՝ Աստղիկ Սահակյանը հայտարարեց, որ երգիծաթերթն իր գործունեությունը չի դադարեցնի, այնուամենայնիվ, տպագիր մամուլի մոռացման ժամանակաշրջանում թերթը դեռ ուշքի չի եկել, խմբագրությունը, որպես այդպիսին, չի գործում:
Արամայիս Սահակյանի անձնական արխիվի մի մասը նրա մահվանից հետո տեղափոխվեց տուն, իսկ բոլորովին վերջերս՝ ապրիլի 1-ին` Հումորի օրը, Գյումրիի՝ Սունդուկյան 247 հասցեում գտնվող Երգիծանքի եւ հումորի թանգարանին (տնօրեն՝ Սարգիս Ազարյան) նվիրվեց Արամայիս Սահակյանի կոստյումը, «Ոզնու» հոբելյանական համարներից՝ բնօրինակներ, անձնական իրերից:
Թերթի բազմամյա աշխատակից, պատասխանատու խմբագիր, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց իրենց մի մտադրության մասին. թանգարանին ցանկանում են նվիրել խմբագրության երկու բազկաթոռները, գորգ եւ երգիծաթերթի պատմական համարներից:

Մամուլի շենքի 12-րդ հարկում ներկայումս գտնվող «Ոզնու» խմբագրության՝ Արամայիս Սահակյանի աշխատասենյակի արխիվն այս վիճակում է. պատմական համարներ, անցյալ դարի 50-ականներից, ընծայագրերով գրքեր, ձեռագրեր, անթիվ նամակներ: Գաղտնիք չէ, բարձր վարկանիշ, քաղաքացիական վստահություն ունեցող Սահակյանը դիմում էր տարբեր ատյաններ, մարմիններ, ոչ միայն որպես գլխավոր խմբագիր, այլ՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, որպես Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի: Ովքեր երբեւիցե ստացել են նրա այցեքարտը, կտեսնեին, հեռախոսահամարների կողքին՝ աշխատանքային, բնակարանի, բջջային գրված էր. «հասանելի է…» բառը:

Պահպանվել են հայտարարություններ, դիմումներ, բազմաթիվ նամակներ կալանավայրերից, ընթերցողներից: Արամայիս Սահակյանի ձեռագրերից մեկում այսպիսի տողեր կան. «Ոզնիում» աշխատելու ընթացքում հաճախ եմ գրավոր խնդրել ընթերցողներին՝ ուղարկել իրենց հետ կատարված զվարճալի, ուրախ պատմություններից: Իմ նպատակը ոչ թե տարածված անեկդոտներ հավաքելն էր, այլ իրական մարդկանց հետ պատահած դեպքերը: Գրի եմ առել նաեւ նրանց բանավոր պատմածները»:

Մայիսի 24-ը Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Կարծում եմ՝ նրա մահվանից տասը տարի անց հավաքելով մի վայրում նրա արխիվը, կկարողանանք հիշատակի խոսքն այս կերպ արտահայտել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031