Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է մատուցվում «Հայոց պատմություն» առարկան դպրոցական դասագրքերի միջոցով

Մայիս 04,2023 13:00

Թռուցիկ անդրադարձ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երաշխավորությամբ 2019 թ. լույս տեսած երկու դասագրքերի բովանդակությանը

Դպրոցական դասագրքերը ցանկացած պետության կրթական համակարգում բացառիկ նշանակություն ունեն՝ հատկապես տվյալ երկրի պատմության ու մշակութային ժառանգության մատուցման, հանրահռչակման, քաղաքացիական ու պետականամետ գիտակցություն սերմանելու ու ամրապնդելու գործում։ Դպրոցական դասագրքի, որպես կրթադաստիարակչական բացառիկ ու անփոխարինելի միջոցի, պատրաստման եւ կրթական ոլորտ ներմուծելուն նախորդում է երկարատեւ փորձաքննություններ ու խմբագրական մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանք, անխտիր բոլոր պահանջները բավարարող տեքստային նյութի շարադրանք, տեսողական ու պատկերագրական նյութի ընտրություն, որը հավելյալ տեղեկություն է պարունակելու մատաղ սերնդի գիտելիքների հարստացման համար։ Այլ կերպ ասած, դպրոցական դասագրքերը, ի մասնավորի՝ պատմության դասագրքերի պատրաստումը, գիտակից քաղաքացիներ կրթելու պետական քաղաքականության ռազմավարության կարեւորագույն օղակներից մեկն է հանդիսանում։

«Պատմություն» առարկայի գրավիչ ու հետաքրքրաշարժ մատուցումը, դրանում առկա բարձրորակ ու բովանդակալից տեսողական նյութը, կոչված են աշակերտների շրջանում ոչ միայն հետաքրքրություն առաջացնել դպրոցական այս կարեւոր առարկան սերտելուն, այլեւ նպաստել սեփական երկրի պատմական անցյալի ու մշակութային ժառանգության նկատմամբ մատաղ սերնդի շրջանում հետաքրքրասիրության ուժգնացմանը։

Վերջերս առիթ ունեցանք թերթել եւ ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության երաշխավորությամբ 2019 թ. Երկրորդ հրատարակությամբ լույս տեսած «Հայոց պատմություն» առարկայի երկու դասագրքերի բովանդակությանը։ Հիասթափություն, սոսկում, զայրույթ եւ անվերջ ինչուների շարք… Պետք է ուղղակի շատ ջանալ, որպեսզի հայ պատանիների ու աղջիկների շրջանում անհարկի, ավելորդ, իսկ մեծ հաշվով նաեւ նման որակի ու բովանդակության հակամանկավարժական մի հրատարակություն պատրաստել, որտեղ տեղ գտած պաթոսն ու վերամբարձ ձեւակերպումները համատարած են՝ ի թիվս բազմաթիվ փաստական ու պատմական սխալների ու անթույլատրելի վրիպակների։

Ճապաղ ու անհետաքրքիր պարբերություններ, համեմված անվերջանալի թվացող պաթոսով ու կենացային ձեւակերպություններով, վախվորած քննադատություն, խորհրդային շրջանի դասագրքերին բնորոշ արդյունաբերական համալիրների, հէկերի, ջէկերի ու ջրանցքների ագրոարդյունաբերական համալիրների կառուցման տարեթվեր, ոչինչ չասող ու անհետաքրքիր տվյալների ու թվերի շարան, արդյունքում՝ առօրյա պատմության ներկայացման լիակատար բացակայություն, սովորական մարդկանց պատմությունն ու արժեհամակարգը ընդհանրապես կորում է տարեթվերի, հաճախ ժամանակագրորեն խախտված շարադրանքում։

Առանձին արժի անդրադառնալ դասագրքերի լուսանկարչական եւ, ընդհանրապես, դասագրքերի պատկերագրական նյութին, որը կոչված պետք է լինի աշակերտների շրջանում պատմության առարկայի նկատման հետաքրքրասիրության ուժգնացմանը։

Իրականում դրանք վանող դեր են կատարում։ Համացանցից վերցված, անորակ, սխալ ու կամայական ընտրությունների, բացարձակապես մերօրյա պահանջներին չհամապատասխանող ու բուն նյութին չվերաբերող, դասագրքերի որակական ու բովանդակային պահանջներին հակասող նյութ, որի տեխնիկական խոտանը տեսողական խնդիրներ կարող է առաջացնել մատաղ սերնդի շրջանում՝ այդ նյութի հետ ծանոթանալիս։

Դասագրքի ընդհանուր տպագրության որակն ու ձեւավորումը հեռու է գեղագիտական պահանջներից ու մանկավարժական գրականության պատրաստելու չափորոշիչներից։

Այս դասագրքերի կազմման մանկավարժական, մեթոդական ու գեղագիտական պահանջներին չանդրադառնալով, առայժմ թռուցիկ անդրադառնանք բովանդակային կոպիտ սխալներին։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Նորագույն շրջան)

Դասագիրք 9-րդ դասարան

Երեւան, 2019թ. երկրորդ հրատարակություն։ Առաջին անգամ տպագրվել է 2014թ.

Խմբագրությամբ՝ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի

Հեղինակներ՝

Վ. Բարխուդարյան, ԳԱԱ ակադեմիկոս

Ա. Հակոբյան, պատմական գիտությունների դոկտոր

Հ. Հարությունյան, պատմական գիտությունների դոկտոր

Վ. Ղազախեցյան, պատմական գիտությունների դոկտոր

Է. Մինասյան, պատմական գիտությունների դոկտոր

Է. Մելքոնյան, պատմական գիտությունների դոկտոր

Առաջին մաս

էջ 5

մեջբերում. «սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության… »:

Հայ հեղինակների թեթեւ ձեռքով բացարձակապես որեւէ բնորոշումով ու սահմանումներով «ազգ» կամ «ազգություն» չհանդիսացող արեւելաանդրկովկասյան մահմեդական թրքալեզու ցեղերն ու ժողովուրդները ստանում են ազգության կարգավիճակ, կոպտորեն խախտելով պատմականության ու պատմական օբյեկտիվության սկզբունքը։

էջ 11

դասագրքի տարբեր գլուխներում Օսմանյան կայսրություն անվան փոխարեն համառորեն նշվում է Թուրքիա։

էջ 11

մեջբերում. «Տարբեր երկրներում դիվանագիտական աշխատանք էին վարում Արմեն Գարոն, Տիգրան Բեկզադյանը, Գրիգոր Զամոյանը, Լեւոն Եվանգուլյանը, Հովսեփ Արղությանը, անգամ կին՝ Դիանա (Անահիտ) Աբգարը, եւ շատ ուրիշներ»։

Դասագիրքը կազմողներն արդյո՞ք չեն կարծում, որ կին լինելը բնավ չի նշանակում այլմոլորակային կամ բնության մեջ հազվադեպ հանդիպող տեսակ եւ նման ձեւակերպումով նյութի մատուցումը ակնհայտորեն խոցելի է դարձնում սեռային իրավահավասարության պատկերացումները, հանդիսանալով նաեւ հակամանկավարժական մոտեցում։ Հակամանկավարժական այս դրվագին անդրադառնալով, ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ սույն դասագրքի հեղինակներից մի քանիսը տողերիս հեղինակին ակադեմիական Հայոց պատմության բազմահատորյակի բովանդակության քննադատության համար որակեցին որպես «կնամեծար», միայն այն բանի համար, որ մեղադրել էի հայ կնոջ դերը պատմության մեջ եւ կանանց իրավունքների շարժմանն անդրադառնող դրվագները զանց առնելու համար։

էջ 12

Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, որը համառորեն համարվում է խորհրդանիշ, այլ ոչ թե խորհրդանշան, սխալ է ներկայացված, թե կոմպոզիցիոն եւ թե հերալդիկայի կանոնների պահանջների տեսանկյունից։

էջ 13

մեջբերում «Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը (կուպյուրները)»։ Դասագրքի հեղինակները զլացել են ճշտել, որ խոսքն այստեղ ոչ թե կուպյուրաների, այլ բոների մասին է։

էջ 13

մեջբերում. «Հայաստանը, պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից դեմոկրատական (ժողովրդավարական) հանրապետություն էր»։ Այս ձեւակերպումից առաջ, էջ 9-ում հանդիպում ենք համարյա նույնությամբ կրկնվող ձեւակերպմանը, հետեւյալ շարադրմամբ «Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն…»։

Աշակերտներին չի բացատրվում «ժողովրդավարական» ու «ռամկավար» հասկացությունների նմանությունները, տարբեր եզրաբանությունների օգտագործման դեպքում՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով նյութի մատուցման ժամանակ։

էջ 14

մեջբերում. «Գ. Նժդեհի աճյունի մասունքներից մի նշխար ամփոփվեց իր համար շատ հարազատ Կապանի Խուստուփ լեռան լանջին.»։ Թե որքանով է այս ձեւակերպումը հայերեն՝ իր լեզվաոճական նրբություններով, թողնենք խմբագիրների ու սրբագրիչների խղճին։

էջ 14

Զորավար Անդրանիկի աճյունի վերաթաղման մասին խոսելիս, նշվում է, որ այն «վերաթաղվեց Երեւանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, ուր հանգչում են Հայաստանի ու Արցախյան հերոսամարտի նահատակ հերոսները»։ Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում «Հայաստանի եւ Արցախի հերոսամարտ» հասկացությունների օգտագործումն ու տարանջատումը դպրոցական դասագրքում։ Միգուցե այն կազմողները կտան գրավոր հիմնավորումներ նման ձեւակերպում շրջանառության մեջ դնելու համար։

էջ 16

Դասագրքում գետեղված որոշ նորակառույց շենքերի լուսանկարների տեղադրումը ժամանակագրորեն չի համապատասխանում բուն նյութին։ Օրինակ, Կոնյակի գործարանի շենքը, էջ 18, Ուսուցչական սեմինարիայի շենքը, որը որպես այդպիսին կառուցվել եւ օգտագործվել է ցարական շրջանում եւ 1950-ականների լուսանկարի փոխարեն, այդ շենքը գոնե պետք է ներկայացվեր որպես Պետական համալսարանի շենք։ Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը կառուցվել է խորհրդային տարիներին եւ կապ չունի Առաջին հանրապետության հետ։ Հայաստանի Հանրապետության 1920 թ. թողարկված 100 ռուբլիանոց թղթադրամը ներկայացված է առանց հավելյալ բացատրությունների։

էջ 16

Այս էջում «Հայ գաղթականներ» վերնագրով խիստ անորակ լուսանկարն իրականում ներկայացնում է 1915 թ. Մայր Աթոռում ապաստանած հայ որբերին։ Ընդամենը պետք էր Համացանցից վերցված ցածրորակ լուսանկարի փոխարեն տեղադրել բնօրինակից արված պատճենը։

էջ 20

Ի՞նչ տրամաբանությամբ է Նիկոլ Աղբալյանի երկու լուսանկարները հայտնվել դասագրքի տարբեր էջերում (տես էջ 20 եւ 94), այնինչ բազմաթիվ ազգային ու մշակութային գործիչների լուսանկարներն ընդհանրապես բացակայում են դասագրքում: Ըստ որում, այս երկու էջերին Ն. Աղբալյանի ծննդյան տարեթիվը մի դեպքում տրվում է 1873 թ., իսկ մյուս էջին՝ 1875 թ.

էջ 33

մեջբերում. «ԱՄՆ նախագահը նոյեմբերի 22-ին ստորագրեց Միացյալ, Անկախ Հայաստանի իրավարար վճիռը (փաստաթուղթը)՝ համապատասխան քարտեզով»։

Ուղղակի ցնցող է։ ԱՄՆ նախագահներից ոչ մեկը նման բովանդակությամբ փաստաթուղթ չի ստորագրել եւ ավելորդ ու երեւակայական ձեւակերպումների ու խոցելի պնդումների փոխարեն, լավ կլիներ տալ Վ. Վիլսոնի կողմից ստորագրված փաստաթղթի իրական ու պատմական անվանումը։

էջ 53

ՀԽՍՀ զինանշանը ու դրոշը ներկայացված են վաղ տարբերակով՝ ՀՍԽՀ, սակայն բացատրագիրը տրված է ավելի ուշ անվանումով, ինչը շփոթմունք կարող է առաջացնել աշակերտների մոտ։

էջ 54

Մեջբերում. «Այդուհանդերձ՝ ԽՍՀՄ կագմում Հայաստանն ունեցավ մեծ նվաճումներ, նրա պաշտպանությունը դարձավ ապահով։ ԽՍՀՄ-ը դարձավ ունիտար, «միաձույլ», զորեղ, բազմագգ մի տերություն…» Բառերի ու եզրույթների այս կույտի տակ հաստատապես տուժել է քաղաքագիտությունը՝ ի հաշիվ կարոտախտի ու բազմաթիվ կորուստների ու անարդարությունների հիշատակման փոխարեն ԽՍՀՄ փառաբանելու ձգտման։ Դասագիրքը կազմողներից մի քանիսը հանդիսացել են ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ, հետեւաբար հակված ենք կարծելու, որ սովետական անցյալի նման «սրբագրումը» բարի հուշեր տածելու հետեւանք է՝ ի հաշիվ նորանկախ երկրի երիտասարդ սերնդին կրթելու համար նախատեսված դասագիրք պատրաստելու կարեւոր գիտակցման։

էջ 64

մեջբերում. «Ամերկոմի մարդասիրական գործունեությունը տեւեց մինչեւ 1920-ական թվականների վերջը՝ երեխաների չափահաս դառնալը»։ Իրականությունը մի փոքր այլ է. խորհրդային իշխանություններն այլեւս չցանկացան օգտվել ամերիկյան օգնությունից ու որոշեցին ազատվել Խորհրդային Միության տարածքում անցանկալի ամերիկյան ներկայությունից։ Որբանոցների փակումն ուղեկցվեց համատարած թալանով ու գողություններով։

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
03.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031