Ազգային մշակույթ, եկեղեցական տոներ, հայրենիք եւ հայրենասիրություն՝ «Ուրֆա» ազգագրական համույթը վերջերս տոնեց իր միամյակը։
Համույթը ստեղծվել է 2022 թվականին՝ Մանկավարժական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ։
«Շատ պատահական լսեցի մեր ազգագրական երգերից մեկը եւ ցավով նկատեցի, որ դրանք հազվադեպ են հնչում մեր առօրյա կյանքում։ Սոցկայքում գրառում արեցի այդ մասին, որին արձագանքեց ավագ դպրոց-վարժարանի աշակերտ Ռուբենը եւ միասին նախաձեռնեցինք մեր առաջին միջոցառումը»,- մեզ հետ զրույցում նշեց համույթի ղեկավար Նարեկ Երիցյանը։
«Մեր առաջին՝ Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառման արձագանքները ստանալուց հետո սկսեցինք աշխատել ավելի մեծ թափով»,- պատմում է Ռուբենը։
Կարդացեք նաև
Ուսանողներն իրենց համերգներն են կազմակերպում հիմնականում եկեղեցիների բակերում։ Ապագա հոգեբան, սոցիոլոգ, լրագրող, ռեժիսոր, հատուկ մանկավարժ, պատմաբան՝ նրանց բոլորին միավորում է սերը ազգային երգի հանդեպ։
Բացի եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներից, տղաները կազմակերպում են նաեւ տարբեր թեմաներով սեմինար-քննարկումներ, խաղեր, բանավեճեր։
Առաջին տարեդարձի միջոցառումը տեղի ունեցավ հարազատ համալսարանի դահլիճում, իսկ հյուրերի շարքում էին Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, «Ծովակ» ավանդական երգի եւ պարի խմբի ուսուցիչ Անուշ Բալբաբյանը, ընկերներն ու հարազատները։
«Մենք միավորված ենք գաղափարի շուրջ. պահպանելով մեր ազգային մշակույթը, ավանդական տոները՝ եկեք սովորենք եւ փոխանցենք այդ ամենը սերնդեսերունդ»,- ասաց համույթի անդամ Գոռ Ավալյանը եւ հավելեց՝ «Միանալով «Ուրֆա»-ին՝ ցանկանում եմ երկրիս թեկուզ այս կերպ պիտանի լինել»։
Մեր զրույցի վերջում Նարեկը խոստանում է՝ «Ուրֆա»-ի ապագա ծրագրերն իր հանդիսատեսին շատ երկար չեն սպասեցնի։
Ժենյա ԱԲԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2023