Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն արտաքին գործոն չէ

Մայիս 04,2023 14:00

Մենք պարտվել ենք ավտորիտար եւ կոռումպացված Ադրբեջանին

Այսպես կոչված «Քաղաքացու օրվա» առթիվ հրապարակած իր ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այդ աղետը վրա հասավ երկար տարիների ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով»: Պարզ է, որ «աղետի» տակ վարչապետը նկատի ունի պարտությունը պատերազմում եւ դրան հետեւած ու շարունակվող իրադարձությունները: Եթե ավելի պարզ ձեւակերպենք՝ մենք 2020 թվականին պարտվեցինք պատերազմում, որովհետեւ մինչեւ 2018 թվականը մեր պետության վարչաձեւը (ռեժիմը) ժողովրդավարական չէր:

Դա, ինձ թվում է, մոլորություն է, որը հեշտությամբ հերքվում է հետեւայլ փաստով. Ադրբեջանում չի եղել եւ չկա  ժողովրդավարություն, օրինականություն եւ քաղաքացիական ազատ բանավեճ: Այդ առումով ոչ միայն 2018 թվականից հետո, այլեւ դրանից առաջ մեր երկու երկրները համեմատության եզր չունեն: Այնուամենայնիվ, 2020 թվականի պատերազմում Ադրբեջանը հաղթել է, իսկ մենք պարտվել ենք: Ավելին՝ պատերազմից հետո էլ Ադրբեջանը՝ ի հեճուկս բոլոր պայմանավորվածությունների եւ միջազգային նորմերի, շարունակում է Հայաստանի դեմ ագրեսիան, եւ այդ լկտի վարքը չի հանդիպում ժողովրդավարական երկրների դիմադրությանը: Թվում է, թե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է, որ քաջալերեին եւ աջակցեին ժողովրդավարության «գերազանցիկին» (այսինքն՝ մեզ) եւ պաշտպանեին «օրինականություն եւ քաղաքացիական ազատ բանավեճ» ունեցող Հայաստանը բռնապետական Ադրբեջանից: Բայց դա տեղի չունեցավ, ինչից կարելի է եզրակացնել, որ ժողովրդավարությունն այս առումով որեւէ գին չունի, եւ այն ոչ մեկի վրա հնարավոր չէ «ծախել»:

2018-20 թվականներին Հայաստանի կառավարությունն այն համոզմունքն ուներ, որ հարաբերական ժողովրդավարությունը առավելություն է տալիս մեր երկրին Ադրբեջանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ, մասնավորապես, 2018 թվականի ընթացքում Փաշինյանը առաջ էր քաշում Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու պահանջը (գրեթե նախապայմանը)՝ հիմնավորելով դա «ժողովրդավարական» փաստարկով՝ ես ընտրված եմ Հայաստանի ժողովրդի կողմից եւ կարող եմ ներկայացնել միայն Հայաստանը: Այդ փաստարկն, ըստ ամենայնի, անընդունելի էր թե՛ ժողովրդավարական ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եւ թե՛ ավտորիտար Ռուսաստանի դիվանագիտության համար:

Մեջբերեմ մի պարբերություն Հովհաննես Նիկողոսյանի եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հոդվածից, որի վերնագիրն իսկ շատ բան է ասում. «Հեղափոխությունից» դեպի պատերազմ. վերծանելով Հայաստանի պոպուլիստական արտաքին քաղաքականությունը». «Ի հեճուկս հասունացող խնդիրների ակնհայտ նշանների (ինչպիսին էր Ադրբեջանի՝ Նախիջեւանում առաջխաղացումը, որը ժամանակին հերքվում էր) եւ փորձ չանելով վերսկսել բովանդակային բանակցությունները՝ Փաշինյանը շարունակում էր հույս դնել իր ժողովրդավարական անպարտելիության վրա՝ նկատի ունենալով, որ աշխարհը թույլ չի տա պատերազմ ժողովրդավարական երկրի դեմ: Փաշինյանը սիրում էր կրկնել. «Կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության վրա»:

Դա, ինչպես տեսանք, սխալ հաշվարկ էր: Քաղաքական ռեժիմն առանձնապես կապ չունի արտաքին քաղաքականության, դիվանագիտության, ինչպես նաեւ ռազմական ներուժի հետ: Ժամանակին ժողովրդավարական ԱՄՆ-ը հարձակվել է Իրաքի վրա ճիշտ նույն ձեւով, ինչպես Ռուսաստանը՝ Ուկրաինայի վրա: Մերձավոր Արեւելքում նույն Միացյալ Նահանգների ամենամտերիմ դաշնակիցն է Սաուդյան Արաբիան: ԵՄ երկրները շատ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ ունեն Ադրբեջանի ավտորիտար եւ կոռուպացված իշխանությունների հետ, քան մեր «հրեշտակների» հետ:

Մեկ առանձին հարց է՝ արդյոք Հայաստանում իսկապե՞ս ժողովրդավարություն է, եւ արդյո՞ք դրա համար բավարար են ազատ ընտրությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031