«Արաքս» ազատ գոտու ներդրումային համաժողովին եւ «Արաս» ապրանքների ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ բեռնափոխադրումներ ու շինարարական աշխատանքներ իրականացնող Սյունիքի մարզում գործող «Աժդանակ» ընկերության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ դեռ չեն կողմնորոշվել թե որ ոլորտում կհամագործակցեն իրանցի գործարարների հետ, բայց ընդհանուր տնտեսական շահ հաստատ կգտնեն։ Կապանում կազմակերպված համաժողովի նպատակներից մեկը հենց համագործակցությունն է՝ իրանցի եւ հայ գործարարների միջեւ՝ ասում է «Արաքս» տնտեսական ազատ գոտու գործադիր տնօրենի տեղակալ Ալի Նաբին։ Իրանի յոթ ազատ տնտեսական գոտիներից մեկն է «Արաքս» տնտեսական գոտին։
Այն Հայաստանի հետ սահմանակից է Նորդուզ-Մեղրի հատվածում եւ ամենաարդյունաբերական տարածքն է Իրանի ազատ գոտիների մեջ՝ 12 նավթի, նավթաքիմիական, մետաղական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի եւ էլեկտրոնիկայի, կոսմետիկայի, սննդամթերքի, փայտի եւ արհեստագործության, պայուսակների, կաշվեղենի եւ կոշիկի, հագուստի, ավտոմեքենայի, ցելյուլոզի, լվացող միջոցների ոլորտներում։
Կարդացեք նաև
Խոհանոցային ու կենցաղային ապրանքներ, մաքրող ու լվացքի միջոցներ, կաշվե ու կերամիկական արտադրանք, քաղցրավենիք, շինանյութեր՝ Իրանի Իսլամական հանրապետության «Արաքս» տնտեսական առեւտրի ազատ գոտու պատասխանատուները իրենց արտադրանքն են ցուցադրել Կապանի մշակույթի կենտրոնում։ «Այն ամենը, ինչ այստեղ տեսնում է հայ սպառողը, մեր արտադրած ապրանքանիշերի 20 տոկոսն է միայն։ Եթե բոլորը բերեինք, ապա այստեղ տեղ չէր լինի։ Որակը չի զիջում եվրոպական արտադրանքին։ Գնային առումով՝ մեր արտադրանքը եվրոպական երկրների ու թուրքական արտադրանքից 80 տոկոսով էժան է»,-ասում է Ալի Նաբին։
Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը կարեւորում է հայ–իրանական դարավոր հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, հատկապես տնտեսական փոխգործակցության զարգացումը։ «Իհարկե, դժվար է համեմատել Իրանի ու Հայաստանի տնտեսությունները, բայց ինչքանով իրանական շուկան է մեզ համար հետաքրքրում, կարծում եմ այնպես էլ հայկական շուկան իր հնարավորություններով հետաքրքրություն առաջացնել իրանական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար»,-նշեց համայնքի ղեկավարը։
Ըստ իրանական կողմի՝ հայ ներդրողների համար շահավետ է գործունեություն ծավալելու «Արաքս» ազատ տնտեսական գոտում։ Ալի Նաբիի խոսքով՝ նախ տրանսպորտային ծախսերը քիչ կլինեն, տարածքը մոտիկ է։ «Հետո էլ հումքը մեր երկրում շատ էժան է, քանի որ Իրանում էլեկտրաէներգիայի սակագինն էժան է, որն էլ ազդում է ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վրա։ Նաեւ ոչ միայն հայ, այլեւ բոլոր գործարարները ովքեր կցանկանան բիզնես սկսել «Արաքս» ազատ տնտեսական գոտում՝ նրանց անհատույց օգտագործման տարածք կտրամադրվի եւ կազատվեն մաքսատուրքերից»,-հայ ներդրողներին պայմաններն է ներկայացնում Ալի Նաբին։
«Կապանի համայնքապետի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել՝ համատեղ ծրագրեր իրականացնելու թե՛ մշակութային, թե՛ տնտեսական առումներով։ Այս համաժողովն ու ցուցահանդեսն այդ ծրագրերից մեկն է, որը հետագայում կընդլայնվի»,-համաժողովի բացմանն ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին։
Մինո Մուհամադի ընկերությունը կարպետագործությամբ է զբաղվում։ Համոզված է՝ հայկական գորգագործության ու իրանական կարպետագործության համատեղ արտադրություն սկսեն։ Երկու օրվա ընթացքում հետաքրքրվողներ կան, բանակցություններն ու քննարկումները դեռ շարունակվում են։ Սա թերեւս միակ համագործակցությունը չի լինի՝ համոզված էին համաժողովի կազմակերպիչները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ