ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան ասել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։