Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար շոկ էր ԱԺ-ում լսել, որ Հայաստանում միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոց են օգտագործում»․ Արթուր Խաչատրյան

Մայիս 03,2023 23:00

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար շոկ էր ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը։  Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում վերջերս  երեւանյան ակումբներից մեկում ռեյդերի վերաբերյալ Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարց ուղղեց, թե ինչպես է ոստիկանությունն ընտրում ռեյդերի վայրերը, եւ նշեց․«Այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում եթե նման ռեյդի միջով անցնի, վստահաբար, նմանատիպ զանգվածներ ի հայտ կգան»։

Խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Արթուր Խաչատրյանը զարմանքով ասաց․«Ինձ համար շոկ էր Ազգային ժողովում լսել, որ Հայաստանում միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոց են օգտագործում։ Հազարավոր ընտանիքներ, տասնյակ հազարավոր ընտանիքներ վերջին երկու-երեք տարին խնջույք չեն անում, բայց ասել, որ միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոցներ են օգտագործում, որովհետեւ պարոն նախարարը հայտարարեց, որ թմրամիջոցներ են գտել ակումբում, այ դա արդեն շոկ էր»։

Խաչատրյանը հիշեցնելով գլխավոր դատախազի այսօր ներկայացրած ցուցանիշները, ըստ որի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը Հայաստանում աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով, այլ տեսակի հանցագործություններն են ավելացել, հետաքրքրվեց․«Կառավարությունը, որպես ձեռքբերում, նշում է ոստիկանության բարեփոխումները։ Այդ բարեփոխումները որտե՞ղ են ձախողվել, ո՞ր բարեփոխումների արդյունքում կամ ընթացքում ունենք թմրամոլության  աճ, թմրամոլության դեպքերի կամ դրա հետ կապված հանցագործությունների բացահայտման նվազում։ Սրա հետ մեկտեղ ունենք խաղամոլության դեպքերի աճ»։

Թեեւ Խաչատրյանն իր հարցն ուղղեց Վահե Ղազարյանին, սակայն դրան պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ թմրամոլությունը, կոնկրետ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամբողջ աշխարհում է ավելանում․ «Այսօր չկա մի երկիր, որն ասի, որ իր մոտ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը պակասում է։ Եթե ասում էլ է՝ ճիշտ չի ասում, որովհետեւ նոր տեխնոլոգիաներով են վաճառում, Տելեգրամ ալիքներով են վաճառում»։

Ինչ վերաբերում է Խաչատրյանի շոկին կամ միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոցի առկայությանը, ապա Փաշինյանն ասաց․«Ինձ թվում է, որ դուք Հայաստանի հանրապետությունից կտրված եք, որովհետեւ այսօր որեւէ ռեստորանում հարսանիք անելու համար պետք է վեց ամիս առաջ հերթագրել։ Բա ո՞վ է անում  այդ խնջույքները։ Դուք էլ եք խնջույքներ անում, ձեր կուսակցությունն էլ է անում, ձեր խմբակցությունն էլ է անում, լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք։ Էդ ի՞նչ ասելու բան է, որ խնջույք չեք անում, մի հատ էլ ուզում եք ենթատեքստով ամոթանք տաք այն մարդկանց, ովքեր ծնունդ են նշում կամ կնունք, հարսանիք են անում։ Սա չի նշանակում, որ որեւէ մեկը որեւէ բան ուրանում է»։

Փաշինյանի խոսքով՝ թմրամիջոցների ծավալն այնքան շատ է, որ ակնհայտ է՝  դրանց շրջանառությունն ու օգտագործողների քանակը ավելացել է ու ավելանում է․«Այնքան է ավելացել, որ անվտանգության խորհրդում քննարկության առարկա են դարձրել եւ տրվել են հանձնարարականներ։ Կարծում եմ, որ եթե մենք ճիշտ ենք տիրապետում իրավիճակին, նաեւ առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառենք թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կասեցնելու եւ դրա դեմ պայքարելու համար»։

Արթուր Խաչատրյանը խնդրեց իր խոսքերը չաղավաղել, ինքը չի ասել, որ ոչ ոք խնջույք չի անում։ Փաշինյանը ներողություն խնդրեց։

Խաչատրյանը շարունակեց, ամեն տեղ այդ չարիքը կա․ «Բայց ես չգիտեմ  որեւէ խորհրդարան, որտեղ ասվի, որ միջին վիճակագրական խնջույքի ժամանակ թմրանյութ  է օգտագործվում։  Դատախազի հաշվետվությունից պարզվում է, որ 100 հազարի հաշվարկով ինքնասպանների թիվն ավելացել է,  ավելացել են հանցագործությունները, ավելացել է թմրամոլությունը, ավելացել է խաղամոլությունը։ Սա դժբախտ հասարակության սիմպտոմ է։ Դուք խոսք էիք տալիս երջանիկ հասարակություն։ Երջանիկ հասարակություններում 100 հազարի հաշվարկով ինքնասպանությունների թիվը չի աճում»։

Փաշինյանն ի պատասխան ասաց՝ ինքնասպանությունների խնդրահարույց վիճակագրություն ունենք, այդ չարիքն ամենուր է, շատ քիչ երկրներ կան, որ նվազում լինի։ Փաշինյանն ասաց, որ այդ չարիքի վրա տեխնոլոգիաների ազդեցությունն էլ կա։

Երջանիկ հասարակության խոստումի վերաբերյալ էլ Փաշինյանն ասաց՝ այո, խոստացել եմ ու շարունակում եմ խոստանալ երջանիկ երկիր․ «Դա մեր քաղաքական  հանձնառությունն է։ Բայց առանց մեր աշխատանքի եւ առանց ինքնահայցման դա հնարավոր չի լինելու։ Այդ նպատակն աչք առաջ ունենալով է, որ ես այս ամբիոնից խոսում եմ հարցերի մասին, բարձրացնում եմ թեմաներ, ձեւակերպում եմ մտքեր, որոնց ձեւակերպումը սովորական պայմաններում չէի անի։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ես ոչ մի րոպե չեմ մոռանում այդ նպատակների մասին»։

Հանցավորության աճն  էլ, ըստ Փաշինյանի, կարող է կապված լինել բնակչության աճի, տնտեսական ակտիվության հետ․«Մենք պետք է խորը քննարկենք՝ հասկանալու բոլոր պատճառահետեւանքային կապերը»։

Ոստիկանության եւ ՆԳՆ բարեփոխումների մասին էլ Փաշինյանն ասաց՝ դրանք  դեռ չեն ավարտվել, որպեսզի արդյունքներն ամփոփվեն․ «Այսինքն՝ այդ բարեփոխված ոստիկանությունը դեռ լիարժեք չի էլ գործում, ընդամենը պարեկային ոստիկանությունն է  վեց մարզում գործում։ Ոստիկանության բարեփոխումների փաթեթն ամբողջությամբ չի էլ ընդունվել։ Բարեփոխումներն ընթացքի մեջ են, դեռ չսկսված ասել, որ ձախողվել է․․․ հակառակը, հիմա կարող ենք ասել, որ հաջողվել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031