Լրահոս
Օրվա լրահոսը

«Տելեգրամյան ցանցերն են, որտեղ հայ ազգանուններով մարդիկ են, որոնք ներքին դաշտ են բերում ոչ հայկական թեզեր». «Ամերիկայի ձայն»

Մայիս 03,2023 22:12

Ռուսաստանյան ապատեղեկատվությունը Հայաստանում տարածվում է մի քանի աղբյուրներով՝ ռուսախոս լսարանի համար նախատեսված բովանդակությունը թարգմանելու և հայախոս լսարանին մատուցելու միջոցով, ռուսաստանյան ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներով և Ռուսաստանի պետական քարոզչամեքենայով։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով, այդ ապատեղեկատվությունը մի քանի շերտեր ունի, նպատակը՝ Արևմուտքին սևացնելն է։

«Օրինակ, կար ապատեղեկատվություն, որ Եվրամիությունը փորձում է փակել հայկական ատոմակայանը, կամ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ տեղեկություն, թե իբր դրանք նախկին ԽՍՀՄ երկրներում զբաղվում են թունավոր նյութերի արտանետմամբ։ Կամ Սորոսի մասին միֆը։ Այնինչ, Սորոսը, հավանաբար, Հայաստանի տեղն անգամ չգիտի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց Պապյանը։

Ըստ մեդիափորձագետի, հայաստանյան հասարակության վրա ազդեցության դինամիկան շարունակում է բացասական մնալ, և մարդիկ այժմ ավելի հակված են վստահել իրենց ամենամոտ ինֆորմացիոն աղբյուրին՝ հեռախոսին։

«Մարդիկ ավելի շատ քանակական ազդեցության տակ են։ Այսինքն, երբ նույն բանը մի քանի տեղից լսում են, սկսում են հավատալ. Հենց դա էլ օգտագործում են տարբեր պրոպագանդիստներ»,- ընդգծում է Արթուր Պապյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ, ապատեղեկատվության ալիքը սրվում է հատկապես պատերազմական իրավիճակներում, իսկ ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը Հայաստանում հաճախ իրականացվում է ներքաղաքական տրամաբանությամբ։

«Այդ թեմայի շուրջ այնքան է լրջացել ներքաղաքական պայքարը, որ կարող է, օրինակ, ադրբեջանական քարոզչությունը բերվել ներքին դաշտ, որովհետև այն ինչ-որ մի քաղաքական ուժի այդ պահին ձեռնտու է»,- ասում է Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով, հայաստանյան մեդիադաշտում մի հատված կա, որն առնչվում է ռուսաստանյան լրատվական դաշտին։ «Տելեգրամյան ցանցերն են, որտեղ գործում են հայաստանյան անձնագրերով, հայ ազգանուններով մարդիկ, որոնք ներքին դաշտ են բերում ոչ հայկական թեզեր։ Դրանք Հայաստանի հետ կապ չունեն և կարող են լինել, օրինակ, Կրեմլի ազդեցության տակ»,- նշում է փորձագետը։

Ըստ Մարտիրոսյանի, դրանք այն տելեգրամյան ալիքներն են, որոնք կապված են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Պրիգոժինի հետ, ով զբաղվում է բիզնեսով նաև մեդիադաշտում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031