Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը: Ներկա էին գրողների միության անդամները, գրականագետներ, Պետրոս Դեմիրճյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Սուրեն Աբրահամյանը, բանաստեղծներ Հակոբ Մովսեսը, Շանթ Մկրտչյանը, Արտաշես Արամը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, հրատարակիչ Վան Արյանը, ինչպես նաև բանաստեղծի հարազատները:
Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1943 թ-ի ապրիլի 30-ին Կիրովականում։ Եղել է ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի խմբագիր, աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում, գրել՝ «Թռչուններ» (1978), «Շարակնոց» (1997), «Սիրո շղթա» (2003), «Ներաշխարհի լռություն» (2006) և այլ ստեղծագործություններ։
«Արմեն Մարտիրոսյանի գրվածքները հայոց շարականների,գանձերի, միջնադարյան մտածողության, թեմատիկայի մասին են։ Նրա ստեղծագործությունները մեծ հետք են թողել 70-80-ական թթ-ին, երբ իր ստեղծագործական ուղին լայնացնելով գրեց արձակ գրքերից մեկը՝ «Մազե կամուրջ»-ը վեպը, որը հայոց առասպելական Անի քաղաքի մասին է պատմում։ Հայտնի ասույթն ասում է. «Գրողներն ապրելով խանգարում են իրենց ճանաչմանը», ուստի Արմեն Մարտիրոսյանն այն գրողներից է, ում սերունդները միշտ կհիշեն խոնարհումով»,-իր ելույթում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Կարդացեք նաև
Ներկաները պատմեցին գրողի հետ ունեցած իրենց հուշերի և հիշողությունների մասին, այսպիսին էր հիշում Արմեն Մարտիրոսյանին գրող Հակոբ Մովսեսը. «Արմեն Մարտիրոսյանը հավատարիմ մնաց հայոց բանաստեղծական ակունքներին, նա իրականացրեց ժամանակակից մտածողության տեղայնացումը, որը նա արեց և՛ լեզվով, և՛ բնազդով, և՛ ռիթմերով, և առոգանություններով։ Նա հազարավոր թելերով կապված էր միջնադարյան բանաստեղծության ավանդույթների հետ, քանի որ նա գտավ բուն հայկական բանաստեղծության միջուկը գրելով հոգևոր բանաստեղծություններ, շարականներ և պատմվածքներ»։
Հուշ- ցերեկույթի ավարտին ասմունքողներ Սամվել Բաղինյանն ու Մայրանուշ Գրիգորյանը ասմունքեցին Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից:
Անժելա Սեդրակյան