«Միջազգային արձագանքն այնքան էլ բավարար և ուժեղ չէ և միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ քայլեր ձեռնարկի, միջամտի և կանխի ոչ միայն Արցախի շրջափակումը՝ այլև պատժի տարածաշրջանում մարդու իրավունքների խախտողներին»: Այս մասին հայտարարեց Կանադացի քրեական ոլորտի միջազգային փաստաբան Ֆիլիպ Լարոշելը՝ Երևանում այսօր մեկնարկած «Մարդու Իրավունքներ և Հաշվետվողականություն. Ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» խորագրով միջազգային երկրորդ համաժողովի ընթացքում:
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի և ուղիների մասին, նա ընդգծեց, որ քրեական դատարանի դատախազն է վերջին որոշումը կայացնողը, թե արդյոք դատ կլինի թե ոչ, բայց Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է օգնի՝ տրամադրելով փաստեր, վկայություններ, որոնք ցույց կտան և կապացուցեն դատարանում, որ նմանատիպ հանցագործություններ իրականցվել են: Նրա խոսքով, չնայած Հայաստանի համար միջազգայնորեն դժվար է խոսել Արցախի անունից, բայց պետք է շարունակել գտնել գործընկերներ, որպեսզի թեկուզ վարագույրի հետևից խոսել և առաջ տանել Արցախի շահերը:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իրավաբաններին և միջազգային իրավունքի փորձագետներին ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո իր թիմի կողմից հավաքագրված փաստերը:
Համաժողովի նախաձեռնող «Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի» (CFTJ) նախագահ Էլմիրա Միքայելյանի խոսքով, այս տարվա համաժողովը մեծապես կկենտրոնանա միջազգային հաշվետվողականության մեխանիզմների, ինչպես նաև միջազգային և ազգային ատյաններում ռազմական հանցագործությունների զոհերի կրած վնասների վերականգնման վրա։
Կարդացեք նաև
«Մենք կարծում ենք, որ այս թեմային շատ քիչ ուշադրություն է դարձվում միջազգային հանրության կողմից, համեմատած Ուկրաինայի և այլ կոնֆլիկտների: Եվ այս պրոֆեսիոնալ հեղինակություն ունեցող մասնագետները եկել են Հայաստան՝ հնարավորություն ունենալով տեսնելու և լսելու Արցախի խնդրի մասին հենց տեղում, և մենք հույս ունենք, որ նրանք իրենց հետ կտանեն տպավորությունները, փաստերը և հետագայում կաշխատեն դրանց շուրջ: Այս եղանակով մենք կփորձենք մեծացնել Արցախի շուրջ ձևավորված խնդիրների մասին տեղեկատվությունը միջազգային հարթակներում»,-ասաց Էմիլիա Միքայելյանը:
Նշենք, որ մայիսի 3-5-ը՝ Երևանում։ ընթացող համաժողովը համախմբել է աշխարհահռչակ իրավաբանների, ինչպես նաև միջազգային իրավունքի առաջատար փորձագետների ամբողջ աշխարհից՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի զոհերի կողմից միջազգային արդարադատության մատչելիության հարցերը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ