Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը ակումբում «ռեյդի» մասին․ «Ինձ համար դա նորմալ երեւույթ է, եթե հայտնաբերում ենք թմրամիջոցի ցանկացած չափաբաժին»

Մայիս 03,2023 21:01

Ինչպե՞ս են ընտրվում ժամանցի այն վայրերը, որտեղ ոստիկանությունը «ռեյդեր է» իրականացնում։ Այսօր այս մասին Ազգային ժողովում կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց ԱԺ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ վերջերս ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ներխուժել էր «Պոլիգրաֆ» ակումբ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների եւ ՀՔԱՎ-ի՝ ոստիկանությունն  առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Աղաջանյանի խոսքով՝ սովորաբար նմանատիպ «ռեյդերի» վայրերի ընտրությունը կանգնում է մշակութապես տարբերվող հաստատությունների վրա, որոնք տարբերվում են ժամանցային, մշակութային մեյնսթրիմից․ «Ինչպե՞ս է ստացվում, որ հենց նմանատիպ տեղերում են այս ռեյդերն իրականացվում։ Այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում եթե նման ռեյդի միջով անցնի, վստահաբար, նմանատիպ զանգվածներ ի հայտ կգան։ Ինչո՞վ է պայմանավորված այս մոտեցումը։ Այս տիպի հաստատություններն ամենամեծ տուրիստական շարժերն ունեն»։

Ի պատասխան պատգամավորի հարցի, Վահե Ղազարյանն ասաց՝ դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում, քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։

«Բայց մենք ամեն անգամ ռեյդեր չենք անում։ Մենք ունենք օպերատիվ տեղեկություններ, պարտավոր ենք արձագանքել դրան։ Դրանով որեւէ մեծ եսիմ ինչ-որ ․․․ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին։ Ինձ թվում է մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը այդտեղ արդյունք ունենք»։

Ղազարյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը կամայական կամ անձնավորված, թիրախավորված օբյեկտներ չեն մտնում։

Աղաջանյանն էլ արձագանքելով ասաց, որ իր հարցով փորձում է նախարարի ուշադրությունը հրավիրել ռեյդերի ընտրության գործընթացի վրա․ն«Ես վստահ եմ, որ դուք չեք այդ որոշումը կայացնում, համապատասխան ինստանցիաներ կան, որտեղ կոնկրետ ծառայողներ կան, որոնք ստանում են այդ ինֆորմացիաները, զեկուցում են ձեզ, դուք էլ որոշում եք կայացնում։Կխնդրեմ, որպեսզի այդ հարցին ավելի մեծ ուշադրություն դարձնեք, որովհետեւ այստեղ ես նման միտում տեսնում եմ»։

Ապա Աղաջանյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախարարը գոհ է այդ «ռեյդի» արդյունքից եւ արդյոք կիրառած մեթոդը, ռեսուրսներն արդարացված են։

«Այսօր մեր հանրության համար դա մեծ չարիք է։ Ցանկացած արդյունքն ինձ համար մեծ ձեռքբերում է»,-ի պատասխան ասաց նախարարը։

Ապա շարունակելով, Ղազարյանն ասաց․ «Ինչ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, դա կլինի վարչական վարույթ, սանկցիա կլինի, թե չի լինի, բայց ինձ համար դա մեծ արդյունք է, որովհետեւ հազարավոր մարդկանց կյանքի մասին է, հատկապես երիտասարդների մոտ գիտեք՝ ինչ պրոբլեմներ են։ Ինձ համար դա նորմալ երեւույթ է, որտեղ հայտնաբերում ենք ցանկացած չափաբաժին թմրամիջոց»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031