Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործի վարույթը կարճ ժամանակում կավարտվի: Համենայնդեպս, այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Գործով չորս անձ կալանավորված է, նրանց մեղադրանք է առաջադրված՝ անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար. «Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են: Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում: Մեկ անգամ էլ կնշեմ, որ ստուգվում են գործով բոլոր վարկածները: Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ