«Նշված բոլոր հրապարակումները, որտեղ կա առերեւույթ հանցագործության մասին հաղորդում, քննարկման առարկա են դարձվում, գլխավոր դատախազությունն ունի գործառույթ, ուղարկում է իրավասու քննչական մարմին՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով: Այստեղ որեւէ անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը չի կարող լինել ինքնանպատակ: Օրինակ, լինում են դեպքեր, երբ վարույթ չի նախաձեռնվում, որովհետեւ արարքում բացակայում է խուլիգանական դրդումը եւ այս իրավիճակում, սուբյեկտիվ կողմից բացակայությամբ պայմանավորված այդ հանցակազմը անձին մեղսագրվել չի կարող»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ դատախազությունը որեւէ գործ չի հարուցել ՔՊ-ականների նկատմամբ:
Լրագրողը նկատեց, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել օրինակ, Արսեն Թորոսյանի կողմից ձկնաբուծարան կառուցելու, ՄԻՊ հանձնաժողովի նիստում որոշ ՔՊ-ական պատգամավորների խուլիգանական դրսեւորումներ են ցուցաբերել եւ այլն:
Ուղիղ հարցին՝ «լեզուդ կկտրեմ» արտահայտությունը կամ նիստերի դահլիճում ոտքով հարվածելը հանցակազմ չի՞ պարունակում, Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Այլ բան է, որ արարքը պարսավելի է, հանրային խոսույթի տեսակետից ընկալելի չէ, բայց անպայման չի, որ նման վարքագիծը լինի քրեաիրավական: Դեռ 2012-ից Վճռաբեկ դատարանն ունի կայուն նախադեպային պրակտիկա, թե ի՞նչ է նշանակում խուլիգանություն: Հստակ նշվում է, որ խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, այսինքն հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Միջանձնային հարաբերությունները այս խուլիգանական դրդումների մեջ պարզապես չեն տեղավորվում: Ձեր նշած արտահայտությունները կոնկրետ հանգամանքում հանցակազմ չեն պարունակել: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ, որ այդ փաստաթուղթը եւ դատախազական վերահսկողության է ենթարկվում: Կոնկրետ դատախազական հսկողության շրջանակներում մենք գտել ենք, որ խուլիգանական դրդումներ չկան»:
Հարցին ի՞նչ տարբերություն, երբ մի դեպքում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածում է ՔՊ-ական պատգամավորի դեմքին, մյուս դեպքում ՔՊ-ական պատգամավորը ԱԺ դահլիճում ոտքով հարվածում է ընդդիմադիր պատգամավորին, Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Դուք հատվածային եք ասում, ես փորձեմ ավելի ամբողջական ներկայացնել: Երբ ես ներկայացնում էի միջնորդությունը, ես ի՞նչ հանգամանք էի օգտագործում՝ խուլիգանական դրդում: Այս իրավիճակում, բոլոր հանգամանքները, որոնք կապված են անհրաժեշտ պաշտպանության հետ, այդ փաստարկները չէին հիմնավորվել գործի նախաքննության ընթացքում: Հաստատվել էր խուլիգանական դրդման առկայությունը: Այստեղ շատ կարեւոր է, թե ինչ մոտիվով է կատարվում արարքը: Եթե բացակայում է խուլիգանական մոտիվը, չենք կարող խոսել խուլիգանության մասին»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ