«Մենք Ռուսաստանից ստացել ենք առաջարկներ, բայց Արեւմուտքից ոչ մի առաջարկ չենք ստացել»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ռուսական առաջարկներն ընդունել ենք, աշխատանքային, այդ թվում՝ հրապարակային։ Այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման հրապարակային հատվածում ես դրա մասին խոսել եմ։ Դրանից առաջ էլ, դրանից հետո էլ, մենք ընդունել ենք։ Արեւմուտքից առաջարկ չի եղել, որ բովանդակությամբ հակասի մեկը մյուսին»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց․ «Պրահայի հարթակում մենք վերահաստատել ենք երկրների տարածքային ամբողջականությունը, որովհետեւ սկզբունքորեն այդպես չի էլ եղել, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Եվ այդտեղ հակասություն չեմ տեսնում այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ փորձ է արվում ներկայացնել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ