Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք շատ աջակիցներ Մայր Հայաստանում, ինչը մեզ թեւեր է տալիս». «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամ

Մայիս 03,2023 19:20

«Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին վրանային պայքարի խաղաղ ձեւաչափ է ընտրել։ Երիտասարդները կոչ են անում բոլոր մտահոգ հայրենակիցներին միանալ իրենց նախաձեռնած պայքարին։ Նաեւ հայտարարում են, որ բողոքի գործողություններն անժամկետ են, պայքարելու են մինչեւ ադրբեջանական անցակետի հանվելը:

Համակարգող խմբի անդամներից Դավիթ Բաղիրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ շնորհակալ է բոլոր այն կամավորներին, որոնք ապրիլի 28-ից սկսած միացել են իրենց խաղաղ գործողություններին՝ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» խորագրով:

«Մենք արդեն տեղեկացանք, որ ունենք բավականին աջակիցներ Մայր Հայաստանում, ինչը մեզ թեւեր է տալիս, կրկին ապացուցում է, որ մեր պայքարը շիտակ է: Ապրիլի 23-ից Ադրբեջանը խախտելով եռակողմ պայմանագիրը՝ Բերձորի միջանցքում ապօրինի աշխատանքներ է ծավալել եւ տեղադրել է անցագրագային կետ, պատճենահանող սարքավորումներ է բերել եւ այլն: Դա միտված է մեր դեմ, ուղղված է Արցախի Հանրապետության բնակիչների էթնիկ զտմանը եւ դա մեզ համար կարմիր գիծ է ու համար անթույլատրելի է»,-ասաց Դավիթ Բաղիրյանը՝ ներկայացնելով իրենց պահանջները:

Նա հավելեց, որ եթե 7-օրյա ժամկետում հարցին լուծում չտրվի, ստիպված կլինեն համապատասխան գործողությունների դիմել՝ հայրենի հողում ապրելու իրավունքի համար: Ինչ վերաբերվում է այսօրվա խաղաղ գործողություններին՝ այս մասին էլ նշեց. «Երրորդ օրն է լծված էինք կազմակերպչական հարցերին, Արցախը Մայր Հայաստանին կապող Շուշի տանող հատվածում՝ «Զառին բաղ» կոչվող տեղանքում վրան եք տեղադրել Արցախի երիտասարդների նախաձեռնող խմբով, երրորդ օրն է այստեղ ենք 24-ժամյա ռեժիմով: Այս ակցիան շարունակվելու այնքան մինչեւ մեր պահանջը լուծվի: Ուզում եմ շեշտել, որ ցանկացած հայրենակցի ներդրումը մեզ համար շատ կարեւոր է, մենք պետք է շատանանք, պիտի լսելի դարձնենք մեր ձայնը եւ պահենք մեր հայրենիքը»:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման լրատվական կապերի պատասխանատու Արշակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ չնայած եղանակային պայմաններին, մարդիկ անձրեւանոցներով մասնակցում էին բողոքի գործողություններին:

« Վրանային պայքարը մեկնարկել է ստորագրահավաքի հաջորդ օրը, չէինք ցանկանում բավարարվել միայն ստորագրություններով, ուստի դրան զուգահեռ՝ իրավիճակին համապատասխան, մեր համակարգող խումբը սկսել է գործողություններ իրականացնել:

Բոլոր անհրաժեշտ միջոցներին եւ մեթոդներին դիմելու ենք, որոնցից մեկն այս պահին վրանային պայքարի միջոցով մեր ձայնը լսելի դարձնելն է: Ժողովրդի աջակցությունը շատ մեծ է, տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից կան արձագանքներ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է նմանատիպ ակցիա իրականացնում: Նաեւ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվում են այդպիսի խմբեր, պայքարը դարձել է համահայկական, եւ ամեն ինչ գնում է ծրագրված՝ ըստ մեր ճանապարհային քարտեզի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնության էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031