Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում՝ քաղաքացիներից մեկը հաղորդում է տվել, որ չնայած 2020 թվականի մարտի 13-ին Արենիի համայնքապետարանը գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին տեղեկացրել է, որ չնայած Արենիի վարչական տարածքում գտնվող՝ Արգամ Կարապետյանի կողմից ապօրինի շահագործող հեղուկ գազի լցակայանը պետք է ողջամիտ ժամկետում ապամոնտաժվեր, սակայն այն դեռ աշխատում է։ Ըստ հաղորդման՝ երեք տարվա մեջ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ոչ միայն միջոցառումներ չի ձեռնարկել լցակայանը ապամոնտաժելու գործում, այլ իր լիազորությունները չարաշահելով ու չկատարելով իր ծառայողական պարտականությունները, նշված անօրինական կառույցը՝ 2022թ.-ի օգոստոսի 24-ին օտարել է Արգամ Կարապետյանին:
Արենիի համայնքապետարանից ի պատասխան Aravot.am-ի հարցմանը՝ պարզաբանել են, որ «տնտեսվարող Արգամ Կարապետյանի կողմից շահագործվող գազալցակայանի օրինականացման եւ հողամասի նպատակային նշանակության փոփոխման նպատակով Ա. Կարապետյանի կողմից նախապատրաստվել է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ եւ ներկայացվել ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին»: Հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 12-ին տվել է դրական եզրակացություն։
Ըստ այդմ էլ՝ Արենի համայնքի ղեկավարի կողմից կայացվել է համապատասխան որոշում՝ Ա. Կարապետյանի կողմից օգտագործող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, առկա կառույցները օրինականացնելու, եւ ըստ կառավարության կողմից հաստատված կարգի, ու Արենի համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ 0,1 հա հողամասը եւ հողամասի վրա առկա շինությունները ուղղակի վաճառքով օտարվել են Արգամ Կարապետյանին:
Նշենք, որ Հուսիկ Սահակյանը 2017-ից Արենի համայնքի ղեկավարն է։ 2022թ.-ին սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու ընտրություններում՝ հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիրը», որի ընտրացուցակը գլխավորում էր Հուսիկ Սահակյանը։ Արենիի ավագանու 15 անդամից 13-ը կառավարող ուժից են, իսկ երկուսը՝ «Հանրապետություն» կուսակցությանը։ Հուսիկ Սահակյանը համայնքի ղեկավար է ընտրվել օրենքի ուժով, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» ստացել էր քվեների 89,42 տոկոսը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ