Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարց բարձրացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու մասին։
«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, ընդամենը մի հուշարձան ենք կառուցում, որը շատ տեղին է եւ նույնիսկ ուշացած։ Եվ Նեմեսիսի հուշարձանի կառուցումից փաստորեն ժամեր հետո Թուրքիայի կողմից բացած օդային ճանապարհը փակվում է։ Մենք այս տնտեսական թվացյալ ինտեգրման կամ ապաշրջափակման քողի տակ ի՞նչ գին ենք վճարում՝ մեր ինքնիշխանությո՞ւնը, թե՞ այլ գին։ Ի՞նչն ենք զիջում, որ չակերտավոր զարգանանք»,- հարցրեց Թադեւոս Ավետիսյանը։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես էլի ուզում եմ վերադառնալ հայրենասիրության մեր մոդելին եւ խոսեմ այդ ընդհանուր համատեքստի մասին։ Մի դեպքում ասում ենք՝ շատ նեղ է ճանապարհը, չենք կարողանում ապրանքներ արտահանել։ Եվ այնպես չէ, որ տարբեր ուղղություններով գնալ-գալու վրա տարբեր արձանները չեն ազդում։ Օրինակ՝ հարց, մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այդտեղ մենք լուրջ պրոբլեմներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ։ Այնպես չէ, որ միայն արեւմտյան ուղղություններից ենք արձանների հետ կապված հարցեր ստանում։ Պետք է հասկանանք, որ մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած, եւ այդ ռազմավարական ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու։ Դուք ասում եք՝ ուշացած էր այդ արձանը, ես հարց եմ տալիս, իսկ, օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք։ Իրականում ինչո՞ւ է այդ արձանը տեղադրվել, այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով, այդ նախաձեռնությունները եղել են 2020 թվականի դեկտեմբերի- 2021-ի ապրիլի շրջանում, բոլորը մտածել են, որ այս դավաճանության, այս ընդհանուր տրամաբանության մեջ, եթե մենք չհամաձայնենք, կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ դավաճան ենք։ Բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ սա մեր պրոբլեմն է, նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունեն։ Կամ եթե ունեն, այդ պրոբլեմներն այնքան էլ խորը չեն։ Եվ մենք պետք է այս ամենի մասին կարողանանք ի վերջո խոսել։
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց․ «Եկեք Քեմալ Փաշայի արձանը կառուցենք, որ Թուրքիան մեզ տա արտոնյալ առեւտրային ռեժիմ։ Այսինքն՝ մենք զիջենք ինքնիշխանություն, զիջենք մեր ազգային շահը, որ ի՞նչ անենք, որ կարճաժամկետ Թուրքիայից երկու կոպեկ ապրանք բերենք, մի քանի մարդ գերշահույթ ստանա՞։ Սա չի կարող լինել զարգացման օրակարգ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ