Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության ուսանողական թիմը՝ որպես Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի (Jessup International Moot Court Competition) ազգային մրցափուլի հաղթող, ներկայացրել է ՀՌՀ-ն և Հայաստանը Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած վերոնշյալ մրցույթի վերջնական փուլին։
Աշխարհի առաջատար բուհերի 135 թիմերի շարքում ՀՌՀ թիմը, որի անդամներն են «Միջազգային հանրային իրավունքի և եվրոպական իրավունք» ուղղության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Միքայել Արշակյանը և Սվետլանա Չախմախչյանը, ինչպես նաև 3-րդ կուրսի ուսանող Հասմիկ Մկրտչյանը (մարզիչներ՝ Արեգ Մալխասյան և Շուշաննա Ալեքսանյան), տարել է երեք հաղթանակ մրցույթի 4 փուլերում և զբաղեցրել 53-րդ տեղը՝ առաջ անցնելով եվրոպական մի շարք առաջատար բուհերից։
«Ջեսափի մրցույթին մասնակցությունն իմ ուսանողական կյանքի ամենավառ հիշողությունն է։ Մրցույթն ինձ թույլ տվեց զարգացնել ստեղծարար մտածողությունը։ Շատ դեպքերում մենք չենք կարող գտնել հարցերի պատասխանները դասագրքերում։ Հենց մեր երևակայությունն է, վերաբերմունքն է աշխարհին թույլ տալիս լուծել բարդ խնդիրները։ Եվ Ջեսափի անվան միջազգային մրցույթն ինձ տվեց այդ հնարավորությունը»,- նշել է Սվետլանա Չախմախչյանը։
Այս տարվա խաղարկային դատախաղի թեման վերաբերում էր խաղաղության պայմանագրի մեկնաբանման հարցերին, միակողմանի տնտեսական պատժամիջոցներին և պետությունների պարտավորություններին վտանգավոր թափոնների տնօրինման ոլորտում։
Կարդացեք նաև
«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն էր` մեր գիտելիքները և հմտությունները համեմատելու աշխարհի բուհերի մեր սերնդի լավագույն ուսանողների գիտելիքների հետ։ Եվ մրցույթի արդյունքում պարզվեց, որ մեր թիմը և տեսական, և գործնական մասնագիտական հմտություններով չի զիջում աշխարհի առաջատար բուհերի թիմերին»,- ընդգծել է Միքայել Արշակյանը։
Նշենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը որակվել է որպես աշխարհի ամենահեղինակավոր դատախաղ մրցույթը միջազգային մեծ թվով կազմակերպությունների և համալսարանների կողմից։
Դատական վեճերը մոդելավորվում են Արդարադատության միջազգային դատարանում քննվող վեճերի օրինակով։ Մրցույթը կրում է Ֆիլիպ Ջեսափի անունը, որը ժամանակին ծառայել է ICJ-ում և կազմակերպվել է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի (ILSA) կողմից։ Դատախաղը սկսվել է որպես շահերի պաշտպանության ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջև 1960թ․-ին։ Առաջին չեմպիոնները հռչակվել են 1963թ․-ին, իսկ ոչ ամերիկյան թիմերը մրցույթին սկսել են մասնակցել 1968թ․-ից։ Մրցույթի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա մրցույթ-դատախաղին Հայաստանը մասնակցում է 2000թ․-ից:
ՀՌՀ մամուլի ծառայություն