Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը հետեւյալն է՝ ինչքանո՞վ մեզ կհաջողվի ձեւավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք ընդունելի կլինեն ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 03,2023 17:54

«Մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, նրա խոսքով, այն համակարգը, որը մեր տարածաշրջանում պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը, այդ հանգամանքը ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։

«Եվ այս առումով՝ մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, բայց ի՞նչ մեթոդներով ու ի՞նչ ձեւերով է դա հնարավոր անել, կարող է լինել վարկած, կամ առաջարկ, կամ մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, ինչը մոտեցում է, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի։ Նոր կոմպոնենտները կարող են որոշ գոյություն ունեցող ռիսկեր կառավարել, բայց մյուս կողմից կարող են նաեւ իրենց հերթին նոր ռիսկեր առաջացնել։ Եվ ռազմավարական առումով, եթե հարց տանք, թե ի՞նչն է կամ ո՞վ է, որ կարող է ապահովել կամ երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատասխանը միանշանակ է, որ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը։ Խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը։ Հաջորդ հարցը՝ արդյոք իրատեսական է խաղաղությունը կամ հնարավոր է խաղաղությունը։ Այո, իհարկե, խաղաղությունը հնարավոր է։ Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպանենտ՝ առաջինը, քաղաքական կամք՝ խաղաղության հասնելու համար, երկրորդը, խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, այստեղ խնդիրը հետեւայլն է՝ թե ինչքանո՞վ մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձեւավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ կարող է լինել իրավիճակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար։ «Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը եւ հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել եւ մոտեցնել իրար, բերել նույն հարթության ու դաշտի վրա։ Ինչքանո՞վ է դա հնարավոր՝ չգիտեմ, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես միանշանակ կարող եմ ասել»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031