Մայիսի 3, Ստեփանակերտ: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման կողմից նախաձեռնված պահանջագրի՝ Ստեփանակերտում և Արցախի բոլոր երեք շրջաններում կազմակերպված ստորագրահավաքին մայիսի 2-ի դրությամբ ավելի քան 22 հազար մարդ է միացել: Այդ ստորագրությունները ներառված չեն Change.org օնլայն հարթակում, որտեղ պահանջագրին արդեն միացել է շուրջ 11 հազար մարդ:
Բացի այդ, մայիսի 2-ից ստորագրահավաքին ֆիզիկապես միանալու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանում՝ «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության շենքում: Առաջիկայում Երևանում ստորագրահավաքի համար նոր կետեր կտեղակայվեն, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
«Ստորագրահավաքը հանրային մեր աջակցություն ունի: Մարդիկ ամենուրեք մոտենում են և ստորագրահավաքին միանալու ցանկություն հայտնում: Այստեղ գիտակցում են, որ օրեցօր ավելացող ադրբեջանական հանցագործությունների դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով: Մենք չենք կարող թույլ տալ, որ միջազգային հանրությունը շարունակի լուռ հետևել Արցախում 120 հազար բնակչության, ավելի քան 30 հազար երեխաների տառապանքներին՝ բավարարվելով միայն ափսոսանք հայտնող հայտարարություններով ու կոչերով: Կոչ ենք անում բոլորին ակտիվ լինել և միանալ ստորագրահավաքին, որովհետև սա ևս մի միջոց է օրհասական այս պահին միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի հանցավոր քաղաքականության վրա հրավիրելու համար», – ասում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին, ողջ հայությանը կոչ ենք անում միանալ ստորագրահավաքին՝ կամ ֆիզիկապես, կամ Change.org-ում՝ հետևյալ հղումով:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի
նախաձեռնող խումբ