Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչեւ օրս իրականացված չէ»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 03,2023 17:29

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս Երեւանում անցկացված «Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» խորագրով համաժողովում հնչած հայտարարություններին։

«Հռչակագրի բովանդակությանը ծանոթացել եմ, եւ պիտի արձանագրեմ, որ բարձրացրած հարցերի առնվազն մեծ մասը լեգիտիմ են։ Այնտեղ մի շարք հարցադրումներ կան, որոնք վերաբերում են փախստականների թեմայով պետության քաղաքականությանը։ Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել։ 2019 թվականին մենք Ադրբեջանից փախստական դարձած անձանց համար բնակարանային ծրագիր իրականացրեցինք։ Բայց, որ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, ես համաձայն եմ։ Եվ գուցե ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում աշխատանքային մի հանդիպում կազմակերպենք եւ ավելի մանրամասն քննարկենք այդ հարցը, հասկանանք, թե ակնկալիքները պետությունից ինչպիսին են։ Այս պահին կարող եմ ասել, որ բարձրացրած հարցերը լեգիտիմ եմ, եւ, այո, Հայաստանում կան Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետեւանքով փախստական դարձած, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետեւանքով փախստական դարձած անձինք։ Գիտենք, որ նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ նրա շրջակա տարածքներից փախստականների խնդիրը կա, որն արձանագրված է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ես տեղյակ եմ նաեւ, որ համաժողովում ներկայացված են եղել նախիջեւանահայության ներկայացուցիչները»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում արձանագրված է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։ «Բայց նաեւ մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչեւ օրս իրականացված չէ, որը թղթի վրա արձանագրված է։ Ավելին, տեսնում ենք, որ հայաթափված որոշ գյուղեր Ադրբեջանի կողմից բնակեցվում են ադրբեջանցիներով, եւ, ըստ էության, նաեւ այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում, ինչը պետք է վերլուծվի»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031