«Հայրենատիրության մեր մոդելը ներմուծված է Հայաստանի Հանրապետություն, դա հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չէ։ Իմ կարծիքով՝ նույնիսկ դրա ապացույցները կան»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայրենասիրության մեր մոդելը պետական չէ, հայրենասիրության այդ մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, մենք անկախության 30 տարիների ընթացքում թագավորների արձաններ չենք տեղադրել։ Իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է սաղ պրոբլեմը, մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ, որովհետեւ մենք չենք կարող մեզ պաշտպանել, որովհետեւ մեզ պետք է կոտորեն անընդհատ։ Այդ մոդելը դրա վրա է հիմնված։ Եվ այստեղից է մեր մնացած մտածողությունը՝ սահմանը բաց լինի, թե՞ փակ լինի։ Ո՞նց բաց լինի, կզավթեն մեր ամբողջ տնտեսությունը։ Բայց մեր տնտեսությունը զավթված է այսօր, թե՞ զավթված չէ։ Այս տարածաշրջանում մենք կամ պետք է լինենք պետություն, կամ պետք է չլինենք պետություն։ Իսկ պետություն նշանակում է ունենալ բնականոն հարաբերություն միջավայրի հետ։ Մինչեւ այս հարցը չլուծենք, մենք զոհի կարգավիճակից դուրս չենք գալու։ Մի անգամ թշնամին է մեզ զոհելու, մի անգամ՝ բարեկամը, եւ այդպես անընդհատ զոհի կարգավիճակում ենք մնալու»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը արձագանքեց․ «Երբ Նեմեսիսի արձանից խոսեցինք, եւ երբ Չավուշօղուն, ով գորշ գայլերի խորհրդանիշն է ցույց տալիս ու հոխորտում է երիտթուրքերի կամ ցեղասպանության թուրքական շարունակությունն է ներկայացնում, դրա պատասխանը հլու-հնազանդվելը չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ