2022 թվականի ընթացքում Զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4570 դեպք՝ նախորդ տարվա 6195-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 2874-ը կամ 63 տոկոսը եղել են պատահարներ, 1696-ը կամ 37 տոկոսը՝ հանցագործություններ։ Այդ թվում՝ 61 տոկոսը եղել են զինվորական հանցագործություններ, 39 տոկոսը՝ այլ, ընդհանուր բնույթի հանցագործություններ։
Ըստ Վարդապետյանի՝ 2022 թվականին ծառայության հետ կապված մահացել է 32 զինծառայող, իսկ 2021 թվականին նրանց թիվը 42 էր։ Այդ թվում՝ հակառակորդի կողմից սպանության դեպքերը կազմել են 14։
«2021 թվականի համեմատ զինված ուժերում հանցավորության նվազում է տեղի ունեցել։ Ի՞նչն է, ի վերջո, նպաստում հանցավորությանը: Հատկապես բռնությամբ զուգորդված հանցագործությունների մասին վերլուծություն ունենք։ Բռնությամբ զուգորդված հանցագործությունների պատճառների ու պայմանների թվում շարունակում են էական տեղ զբաղեցնել զինծառայողի վարքագիծն ու փոխհարաբերությունը, կանոնակարգող նորմերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը, որն անձանց մոտ ձեւավորված է լինում նախքան զորակոչը։ Ցավոք սրտի, զորամասերում չունենք անհանդուրժող վերաբերմունք նման վարքագծին, ունենք դեպքեր, երբ ընդհակառակը, նման վարքագիծը շարունակում է ամրապնդվել ու խրախուսվել՝ հանգեցնելով հանցավոր հետեւանքների, այդ թվում՝ մահվան ելքով։ Նման վարքագիծ ունենք նաեւ սպաների շրջանում, դրանք վերացնելու ուղղությամբ ջանքերը խիստ անհրաժեշտ են»,- ասաց դատախազը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ