Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ։ Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ Արցախում մինչ օրս չկա միջազգային ներկայություն»․ Գեղամ Ստեփանյան

Մայիս 03,2023 16:30

«Կասկած չկա, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր դրսևորումներ են թույլ տվել։ Ադրբեջանի վերջնական նպատակն է ոչնչացնել հայ ժողովրդին Արցախում, ՀՀ-ում»,- «Մարդու իրավունքներ եւ հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» թեմայով ամենամյա երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա փաստեց՝ այն, ինչ կատարվում է Արցախում և ՀՀ-ում բնակվող հայերի նկատմամբ, հայոց ցեղասպանության շարունակությունն է․ «Նույն դերակատարներն են։ Հայերը ենթարկվում են ցեղասպանության, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ հանդես է գալիս այդ ցեղասպանությունն իրականացնողի դերում»։

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրեց այն աղետալի, ճգնաժամային իրավիճակը, որն այժմ տիրում է  Արցախում՝ Լաչինի միջանցքի փակելուց հետո․ «Ադրբեջանը շարունակում է իր այն քաղաքականությունը, որի նպատակն է ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը։ Իրենք, ըստ էության, շարունակեցին իրենց հանցավոր քաղաքականությունը՝ գնդակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչությանը և ոչնչացնելով մի շարք սոցիալ-մշակութային արժեք ունեցող օբյեկտներ։ 2020-ի հրադադարին հաջորդեց նոր հացագործությունների, անպատժելի արարքների շրջան»։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ իրենք հավաքագրում են փաստեր, ապացույցներ, կազմում զեկույցներ, ներկայացնում միջազգային կազմակերպություններին, բայց նրանց արձագանքը համարժեք չէ։ Այս առիթով նշեց․ «Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ Արցախում մինչ օրս չկա միջազգային ներկայություն։ Միջազգային որևէ հաստատություն նույնիսկ փաստահավաք առաքելություն չի ուղարկում, որ արձանագրի փաստերը տեղում՝ իրենց համար։ Պատասխանում են, որ ադրբեջանական կողմը մեզ թույլ չի տալիս մուտք գործել Արցախ։ 152 հանցագործություն ենք արձանագրել, որը կատարել է Ադրբեջանը։ 21 անձ սպանվել է՝ 3 քաղաքացիական անձ, 3 ոստիկան և 15 զինվորական։ Պատասխանատվություն որևէ մեկը չի կրել։ Այդ պատճառով ուզում եմ ասել, որ մենք անտեսված ենք, ապրում ենք մի իրավիճակում,  երբ մարդու կյանքը որևէ արժեք չունի։ Մենք միայն կոչեր ենք լսում միջազգային դերակատարներից, որևէ ներկայություն Լաչինի միջանցքում չկա, որ գան, արձանագրեն՝ ովքեր և ինչու են փակում ճանապարհը։ Միակ բանը, որ մեզ ասում են՝ ամուր կացեք»։

Գեղամ Ստեփանյանը վստահեցրեց՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու միակ ձևը պատժամիջոցներն են ու ասաց․ «Ինչո՞ւ է հնարավոր կիրառել պատժամիջոցներ այլ պետությունների նկատմամբ, բայց ոչ Ադրբեջանի դեմ։ Հիմնական հարցը, որի պատասխանը որևէ մեկից չենք կարողանում ստանալ, հենց սա է։ Այս անպատժելիությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի սեղմել իրավիճակը, նոր պահանջներ առաջ քաշել՝ հասնելով Արցախի էթնիկ զտման»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031