2023 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ին, ժամը 1-ի սահմաններում «Պոլիգրաֆ» ակումբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման և ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող գործողությունները։
Հետևողականորեն զբաղվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների նման ամենաթող վարքագծի դեմ անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ արձանագրում ենք, որ պետական մյուս իրավասու մարմինները՝ դատախազությունը և քննչական մարմինները, համարժեք և անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում մարդու բացարձակ իրավունքի խախտման փաստով քննություն իրականացնելու համար։
Մասնավորապես, «Պոլիգրաֆ» ակումբի նկատմամբ հարուցված քրեական գործով ոստիկանության գործողություններից տուժած անձինք առ այսօր չունեն տուժողի իրավական կարգավիճակ, իսկ ոստիկանության կողմից վերջիններիս պատճառված ֆիզիկական բռնության և վնասվածքների փաստը հաստատելու համար առ այսօր գործին մասնակցող անձանց մեծ մասը դատաբժշկական փորձաքննության չի ներկայացվել, մյուսները ներկայացվել են դեպքից շուրջ մեկ շաբաթ անց, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մասին հաղորդումը Կազմակերպության կողմից ներկայացվել է 27․04․2023թ․-ին՝ մեզ դիմած քաղաքացու դիմումի հիման վրա։
Կազմակերպությունը հայտարարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, անտեսելով ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկված անձանց իրավունքների անհապաղ պաշտպանության անհրաժեշտությունը, օրենքով սահմանված կարգով առերևույթ հանցանքի մասին վկայող հաղորդման հիման վրա 24 ժամվա ընթացքում քրեական վարույթ նախաձեռնելու փոխարեն, հաղորդման ներկայացումից շուրջ մեկ շաբաթ անց, չի ձեռնարկել անհրաժեշտ, հրատապ քայլերը, չի կատարել խոշտանգումներից, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտման փաստով Կոնվենցիոն պարտավորությունները։
Կարդացեք նաև
Հաշվի առվելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է կոնվենցիոն և սահմանադրական բացարձակ իրավունք հանդիսացող խոշտանգումներից զերծ մնալու և խոշտանգումների արգելքի սկզբունքի մասսայական խախտմանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է մարդու անօտարելի իրավունքների հրապարակային ոտնահարման նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության և մյուս իրավասու մարմինների տոտալ անտարբերությունն ու դրսևորած անգործությունը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր էր անհապաղ հարուցել քրեական գործ և հանձնարարել քննչական կոմիտեին իրականացնել հետևյալ անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես պարզել տուժողներին, ճանաչել տուժող, նշանակել դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննել տուժողներին և վկաներին, դադարեցնել ակումբ ներթափանցած ոստիկանների լիազորությունները, նրանց պահել իրարից մեկուսի, որպեսզի հնարավորություն չունենան քննարկել դեպքը միմյանց հետ և պայմանավորվել հանգամանքների մասին ։
Հայտնում ենք, որ շարունակելու ենք հետամուտ լինել ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած քաղաքացիների իրավական պաշտպանության ուղղությամբ, որպեսզի ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում խստորեն պահպանվեն անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ կատարել վերը թվարկված պարտավորությունները և իրականացնել արդյունավետ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, բացահայտելու համար ապօրինություններ թույլ տված ոստիկանության և իրավապահ մարմինների աշխատակիցներին ու պատասխանատվության ենթարկելու համար։
Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների ոչ միայն քաղաքացիների, այլև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ անպատաժելիության վերացումը հենց դատախազության, քննչական մարմինների գլխավոր պարտավորությունն է։
Սույն թվականի մայիսի 3-ին ՀՔԱՎ-ը գրություն է ուղարկել դատախազություն «Պոլիգրաֆ»-ի գործով քննություն չիրականացնելու մասին։
Գրության մեջ մասնավորապես նշվում է․
27․04․2023թ․-ին մեր կազմակերպության կողմից քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ սույն թվականի ապրիլի 23-ի լույս 24-ին, ժամը 1-ի սահմաններում «Պոլիգրաֆ» ակումբի վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման և ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվության և պատվի նսեմացման, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Միաժամանակ, հաղորդմանը կցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցանքի կատարման փաստը հաստատող համապատասխան նյութերը՝ վերցված ինչպես համացանցում տարածված հրապարակային լրատվական նյութերից, այնպես էլ տրամադրված «Պոլիգրաֆ» ակումբի աշխատակիցների կողմից՝ հանձին դեպքի ամբողջական տեսագրության։
Որպես լրացում ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, 02․05․2023թ․ ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել կից գրություն, նույն գործով նախաձեռնվելիք քրեական վարույթի շրջանակներում մեկ այլ քաղաքացու նույնպես տուժողի կարգավիճակ տալու համար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինս ենթարկվել է խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խուզարկության ժամանակ մերկացվել է ոստիկանության բաժանմունքում և ենթարկվել տարբեր տեսակի սպառնալիքների։
Այսպիսով, հաղորդման ներկայացումից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման փոխարեն՝ հանձին առերևույթ հանցանքի մասին հաղորդման ստացումից հետո անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելը, առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Հաշվի առվելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է կոնվենցիոն և սահմանադրական բացարձակ իրավունք հանդիսացող խոշտանգումներից զերծ մնալու և խոշտանգումների արգելքի սկզբունքի մասսայական խախտմանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, էլ ավելի է ընդգծվում մարդու անօտարելի իրավունքի հրապարակային ոտնահարման նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության տոտալ անտարբերությունն ու անգործությունը։
Ամփոփելով վերը նշվածը, պահանջում եմ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդման հիման վրա անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ և իրականացվելիք օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ երաշխավորել այն արդարադատությունը, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մի շարք իրավական ակտերով։
Գրությունն ամբողջական՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ