Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։ Արծվիկ Մինասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել էր, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ ներկա իշխանություններից որևէ մեկն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման գործերով։
«Ես առաջարկում եմ, որպեսզի Արծվիկ Մինասյանը ներկայացնի դեպքեր կամ գոնե մեկ դեպք, ինչին ինքը տեղյակ է, որ պաշտոն զբաղեցնող որևէ անձ՝ իշխանական թիմից կլինի, թե ոչ իշխանական թիմից, այսօր Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել գույք, որի նկատմամբ կասկածներ կան, որ դա ապօրինի է։ Ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ եթե նման դեպքեր նշվեն, ես անպայման միջնորդելու եմ Գլխավոր դատախազությանը, որպեսզի վարույթ սկսվի այդ փաստերով։ Ցանկացած պաշտոնյա այսօր, եթե նման վարքագիծ դրսևորի, այդ բեռը կրում եմ նաեւ ես, որովհետեւ նման վարքագծի անբարենպաստ հետեւանքները կրում ենք մենք յուրաքանչյուրս։ Եվ մենք հետամուտ ենք լինելու, որ նման բաներ չլինեն։ Ես անպայման սպասում եմ Արծվիկ Մինասյանի կողմից կոնկրետ փաստ կամ փաստեր ներկայացնելուն»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ