«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատությունն աշխարհում 2023 զեկույցը, որում Հայաստանը երկու միավորով բարելավել է դիրքերը՝ նախորդ տարվա 51-րդ հորիզոնականից (68, 97) բարձրանալով 49-րդ հորիզոնական (70,61 միավոր): Այդպիսով Հայաստանում մամուլի հետ կապված իրավիճակը գնահատվել է «բավարար», մինչդեռ նախորդ տարի այն գտնվում էր «խնդրահարույց» գոտում:
Ուշագրավ է, որ տարածաշրջանի երկրներից Վրաստանը գտնվում է 77-րդ հորիզոնականում՝ 60,69 միավորով («խնդրահարույց»):
Զեկույցի հեղինակները կարծում են, որ չնայած բազմակարծության միջավայրին մամուլը Հայաստանում շարունակում է մնալ բևեռացված: «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ ծավալների, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի հարցում»,- կարծում են զեկույցի հեղինակները:
Նշվում է, որ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցություն են ստանում ազդեցիկ հանրային գործիչների կողմից: «Մի քանի լրատվամիջոցներ սահմանել են վճարովի բաժանորդագրության մոդելներ, մինչդեռ գովազդի շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից»,- ասվում է զեկույցում:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը, կարծում են զեկույցի հեղինակները: «Շատ լրատվամիջոցներ մոտ են 2018թ. հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում: Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ