Լրահոս
Օրվա լրահոսը

«Տելեգրամյան ալիքներում ադրբեջանցի զինվորներն իրար ուղարկում են խոշտանգված, գլխատված հայ զինվորների գլուխները, մարմինները՝ որպես էմոջիներ»․ Արման Թաթոյան

Մայիս 03,2023 16:00

«Որևէ հետապնդում չի եղել Ադրբեջանի հանցագործությունների հետ կապված, և դրանցից ոչ մեկը քրեական հետապնդման չի արժանացել։ Բնականաբար, Ադրբեջանը քրեական վարույթ չի իրականացրել իր զինվորականների նկատմամբ»,-հարցին՝ արդյոք Ադրբեջանը ենթարկվե՞լ է պատասխանատվության՝ պատերազմական հանցագործությունների հետ կապված, «Մարդու իրավունքներ եւ հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» թեմայով ամենամյա երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Համաժողովն անցկացվում է մայիսի 3-5-ը՝ Երեւանում։ Այն կազմակերպվում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Արցախի պետական համալսարանի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ։

Արման Թաթոյանի փաստմամբ՝ անպատժելիությունն ազատում է ադրբեջանական իշխանության ձեռքերը։ Մյուս հարցին՝ եթե Ադրբեջանը հնարավորություն չի տալիս մուտք գործել Արցախ, ինչպե՞ս կարող են քրեական հետապնդում նախաձեռնել այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են Արցախի տարածքում, Արման Թաթոյանն այսպես պատասխանեց․ «Ընթացիկ վիճակն ինքնին քննության առարկա է։ Սա ոչ թե առանձին քայլ է, այլ քաղաքականության մի դրսևորում։ Պետք է ուշադիր լինենք՝ ինչ նպատակով են արգելում մարդկանց տեղաշարժը։ Նպատակը նրանց ոչնչացումն է, կամ հարկադրաբար նրանց հանելն այդ տարածքից։ Ըստ էության՝ ցանկացած պահի մարդիկ այնտեղ կարող են սպանվել, և հանցագործները մնան անպատիժ։ Սրա ապացույցները կան։ Պարզապես Ադրբեջանը փոխում է իր մարտավարությունը։ Օրինակ՝ անցյալ տարի նրանք օգտագործում էին իրենց զինված ուժերը՝ Խրամորթի և այլ գյուղերի նկատմամբ, հիմա փափուկ ուժ են կիրառում՝ էկոակտիվիստներին, որոնք իշխանության ղեկավարության տակ են, և փորձում են վերածել Արցախը իրենց ֆորմալ իրավազորության մի մասի, ցույց տալ, որ այս մարդիկ մեր իշխանության տակ են, ինչը շատ ավելի վատ է, քան երբևէ եղել է։ Այսինքն՝ ցանկացած անձի, որը հատում է այդ անցակետը, Ադրբեջանի իշխանությունները նրա հետ կարող են անել ինչ ուզեն՝ ձերբակալել, դատապարտել, ազատազրկել»։

Համաժողովի մասնակիցները նաև հետաքրքրվեցին՝ ո՞րն է Ադրբեջանին պատժի ենթարկելու ամենանպաստավոր տարբերակը, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Ես ինքս եմ մի քանի անգամ հայտարարել, որ ՀՀ-ն վաղուց պետք է վավերացներ Հռոմի ստատուտը։ Առկա իրավիճակում սա բավականին բարդ է․ հիմա մեր քայլերում պիտի զգույշ լինենք, քանի որ կան որոշակի մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց առաջ կանգնած ենք։ Իհարկե, իրավական տեսանկյունից երբեմն մենք քննադատում ենք Միջազգային քրեական դատարանին իր՝ քաղաքականացված լինելու համար, դա անում են նաև միջազգային իրավաբանները՝ ասելով, որ դա արդյունավետ դատարան չէ, մնում է իր քաղաքական կոմֆորտի գոտում և այլն»։

Համաժողովի ընթացքում, ներկայացնելով ադրբեջանական հանցագործությունները՝ այդ թվում հայ կին զինծառայողների խոշտանգումները, քաղաքացիական անձանց սպանությունները, այնուհետև նրանց մարմինների խոշտանգումը և այլ հանցագործություններ, տեղեկացրեց, որ Ադրբեջանն այդ հանցագործություններն իրականացնելիս ակտիվորեն օգտագործում է նաև ժամանակակից տեխնոլոգիաները։ Այս առիթով նշեց․ «Մենք տելեգրամյան ալիքներում հայտնաբերեցինք մի սարսափելի երևույթ, երբ ադրբեջանցի զինվորները խոշտանգված հայ զինվորների պատկերները վերածում են էմոջիների և իրար ուղարկում են խոշտանգված, գլխատված հայ զինվորների գլուխները, մարմինները՝ որպես էմոջիներ։ Հինգ օրվա ընթացքում 20 հազար ներբեռնում է եղել այս պատկերների, և այդքան մարդ տարածել է դրանք։ Մեր հայ մասնագետների օգնությամբ ենք գտել սա, ցավոք, Ադրբեջանը ևս մեկը ստեղծեց։ Մի ամբողջ անիմացիա ստեղծեց հայ զինվոր կնոջ մասին, ում մատները կտրել ու մտցրել էին բերանի մեջ»։

Արման Թաթոյանը վստահեցրեց՝ պատերազմական այս հանցագործություններն ապացուցում են, որ ադրբեջանական քաղաքականությունն առանձին Արցախի դեմ ատելության քաղաքականություն չէ, այլ սա ցանկացած հայկականի դեմ ռազմավարություն է, սա հայի, հայության, ՀՀ-ի և Արցախի դեմ ատելության քաղաքականություն է։ Ըստ նրա՝ ազգին ատելության մեջ պահելը Ադրբեջանի իշխանությունների համար գործիք է՝ ուշադրությունը շեղելու ներքին խնդիրներից։

Արման Թաթոյանը նաև հայտնեց, որ տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպումների ժամանակ նրանց զգուշացրել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը վտանգավոր է նաև նրանց համար, քանի որ, եթե Ադրբեջանը ցանկանա, կարող է ցանկացած երկրի կայունություն վերածել դժոխքի. «Ադրբեջանի այդ քաղաքականությունը վերջ չունի, ներկայիս իշխանությունն էլ սնվում է այդ քաղաքականությունից։ Տեսնում ենք՝ միջազգային համայնքն էլ նրանց գովաբանում է, ազատում է նրանց, ձեռքի կապանքները հանում, ասում են՝ ինչ ուզում եք, արեք։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն էլ արձանագրումներ են անում այն ժամանակ, երբ գիտեն, որ դրա համար իրենց չեն ճնշի քաղաքական ղեկավարները։ Բացեք ԵԽ-ի, ՄԱԿ-ի փաստաթղթերի էջերը, կտեսնեք գեղեցիկ արտահայտություններ, կարծես դրանք գեղեցիկ շենքերում ասվելիք արտահայտություններ լինեն։ Մեր ակտիվությամբ, մեր աշխատանքով այնպես պիտի անենք, որ այս սկզբունքները կիրառելի լինեն մեզ համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031