Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները փոխվում են, բայց կարմիր բերետավորները մնում են նույնը, իրենք բոլորին ծեծում են»․ Գեղամ Նազարյան

Մայիս 03,2023 15:45

Պետք է վերջ տալ քաղաքական նպատակով իրականացվող հետապնդումներին։ Երբ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը դառնա հանցագործության դեմ պայքարը եւ ոչ թե քաղաքական ընդդիմության դեմ պայքարը, հաջողությունները մեծ կլինեն։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Դա գալիս է նրանից, որ մենք իբր պայքարում ենք անցյալի արատավոր երևույթների դեմ, բայց աստիճանաբար դառնում ենք այդ երևույթների կրողը։ Հանրությունն անդադար շնորհակալություն է հայտնում իրավապահ համակարգին, քննիչներին, դատախազներին։ Բայց դրա փոխարեն մենք պետք է անդադար պահանջենք, որ, օրինակ, կալանքը չդառնա պատժի միջոց, որ ապօրինի գույքի հետ կապված բոլոր գործերը չդառնան պատժի միջոց։ Ես ուզում եմ, որ այդ ապօրինի գույքի հետ կապված գործերն իրոք լրջորեն հետաքննվեն, բացահայտվեն, որ այսօր գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, որ գնում են այդ ճանապարհով, հասկանան, որ մի օր էլ դա իրենց է վերաբերելու։ Ես ուզում եմ, որ դատախազությունը տուրք չտա քաղաքական ճնշումներին եւ չկալանավորի քաղաքականապես ոչ ձեռնտու քաղաքապետերի, նախկին ու ներկա զինվորականների։ Այսօր մեր երկրի ամոթն է, որ Վանաձորի ընտրված քաղաքապետն անհասկանալի պատճառներով կալանքի տակ է։ Ենթադրենք՝ ինչ-որ հանցագործություններ է արել, բայց մի՞թե դրանք այն հանցագործություններն են, որոնց համար մարդուն պետք է կալանավորել։ Իհարկե՝ ոչ։ Արդեն դառնում է քաղբանտարկյալ»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց․ «Ես  շատ կցանկանամ, որ գլխավոր դատախազը նախաձեռնի քննություն, թե ինչ հոգեվիճակում կամ հոգեկան ներաշխարհ ունեցող մարդիկ են գնում ու դառնում կարմիր բերետավորները, որոնք շատ հաճախ ուղղակի կարծես առիթի են սպասում, որ հարմար պահ լինի մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկելու համար։ Վաղը մյուս օրը դուք կարող է ինչ-որ քաղաքական ակցիա իրականացնեք, եւ այդ նույն կարմիր բերետավորները ձեզ ծեծ ու ջարդի ենթարկեն, ինչպես լինում էր մինչև 2018 թվականը։ Իշխանությունները փոխվում եմ, կարմիր բերետավորները մնում են նույնը, իրենք բոլորին ծեծում են։ Եվ շատ հաճախ մեզ հետ զրույցների ժամանակ հումորվ ասում են՝ իրենց ծեծել ենք, ձեզ ծեծում ենք, վաղն էլ մյուսներին ենք ծեծելու, ու հռհռում են։ Որևէ մեկը չի զբաղվում՝ ի՞նչ մակարդակի մարդիկ են էդ կարմիր բերտավորները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031