Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե չլիներ «Նեմեսիս» հուշարձանը, այլ պատրվակներ կգտնեին օդային սահմանը փակելու համար. Արտյոմ Երկանյան

Մայիս 03,2023 15:30

Մեկնաբան Արտյոմ Երկանյանը համոզված է, որ «Նեմեսիս»  հուշարձանը միայն պատրվակ էր, որ Թուրքիան փակի իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար:

«Վստահ եմ, որ սա նաեւ զուգադիպություն չէ, որ համընկել է Վաշինգտոնում ընթացող բանակցությունների հետ, որոնց ներկա է նաեւ Թուրքիայի հետ ՀՀ բանակցողը (խոսքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին է-խմբ.): Բանակցությունների սեղանին  քննարկվում է նաեւ հայ-թուրքական հաշտեցման հարցը, յուրաքանչյուր գործոն Թուրքիան կփորձի օգտագործել որպես Հայաստանի վրա ճնշում բանեցնելու հնարավորություն: Այս դեպքում էլ օդային սահմանը փակելը այն բացառիկ ազդեցիկ գործիքներից  մեկն է, ու եթե չլիներ «Նեմեսիս »  հուշարձանը, իհարկե, այլ պատրվակներ կգտնեին: Բայց, իհարկե, ես շատ ուրախ եմ, որ հենց այս պատրվակն են գտել, ինչը մեզ հնարավորություն կտա աշխարհին ու Թուրքիային ցույց տալ, որ մեր արժանապատվությունից մտադիր չենք հրաժարվել ինչ-որ տնտեսական բոնուսների համար: Սա էլ ավելի տեսանելի կդարձնի հայերի արժանապատիվ լինելու հետեւողականությունը»,- Aravot.am-ին ասաց Արտյոմ Երկանյանը, որի նախապապերից մեկը՝ Արամ Երկանյանը, «Նեմեսիսի» վրիժառուներից էր:

Մեր զրուցակցի խոսքով՝ հուշարձանի տեղադրման գաղափարը 9 տարվա պատմություն ունի. «Տարբեր փուլերում արժանացել է ՀՀ ԱԳ նախարարության հավանությանը: Բնական է, որ համաձայնեցված է եղել արտաքին գործերի նախարարության հետ, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո միայն Երեւանի ավագանու 3 բոլոր խմբակցությունները ընթացք են տվել գործին: Ավագանու որոշումն էլ եղել է միաձայն: Այդ հուշակոթողը հավերժացրեց այն մարդկանց հիշատակը, որոնք ի կատար են ածել թուրքական, օսմանյան օրինական դատական ատյանի վճիռը: Աբսուրդային է, որ Թուրքիայի իշխանությունները  ինչ-որ բողոք են ներկայացնում՝ հաշվի առնելով, որ հենց թուրքական օրինական դատական ատյանն է այդ որոշումը կայացրել: Այդ մարդիկ պատժել են մարդկանց, որոնք հանցավոր են ճանաչվել օսմանյան իշխանությունների դատարանի կողմից»:

Հիշեցնենք, որ ի պատասխան «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման  Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ  հայտարարել է, որ այդ քայլն անհամատեղելի է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

«Իհարկե, հուշակոթողը խոչընդոտ չէ այդ հարաբերություններին: Իրենց նպատակն է  կա՛մ Հայաստանից ստանալ ինչ-որ զիջում ինչ-որ հարցում՝ բանակցությունների սեղանին, կամ հաշտվել, որ այդ զիջումը չի լինելու, ու ամեն ինչ շարունակվի իր հունով»,- նկատեց Երկանյանը:

Ինչ վերաբերում է հուշարձանի ապամոնտաժման պահանջին՝ Արտյոմ Երկանյանը հավելեց, որ հուշակոթողի տեղադրումը նպատակ ուներ ցույց տալու, որ մենք արժանապատիվ ազգ ենք. «Եթե թուրքերը փորձում են դրանում համոզվել, ապա մենք հնարավորություն կունենանք դա ապացուցելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արտյոմ Երկանյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031