Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյան. «Մեր հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում, մեր մարզիչներն աշխարհում լավագույններից են»

Մայիս 03,2023 15:04

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները ու վերջերս անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոններ Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը եւ բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հակիրճ վերլուծեց բոլոր ըմբիշների վարած մենամարտերը: Նա նշեց, որ դժգոհ է որոշ փորձառուների մրցելույթներից, որոնց հետ պետք է նորովի աշխատել հաջորդ ուսումնամարզական հավաքներում, իսկ իրենց կարողությունները լիարժեքորեն օգտագործած երիտասարդներին, ինչպիսին է բրոնզե մեդալ նվաճած 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, մաղթեց, որպեսզի հաջողությունները շարունակվեն, իսկ  մեդալների ձուլվածքն ավելի մաքուր մետաղից լինի:

Մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ պլանավորած տարեկան բոլոր հավաքները անցկացվել են նախանշված ժամկետներում, բոլոր մարզիկները ջանադրաբար մարզվել են: «Բայց  չէի ասի, թե բոլոր ըմբիշները լավագույն մարզավիճակի գագաթին գտնվելով են մեկնել Եվրոպայի առաջնություն, սակայն նրանք մարզումներից հետո պատրաստ էին մտնել պայքարի մեջ: Մենք դեռ ամբողջական ու հիմնավոր կվերլուծենք յուրաքանչյուրի մասնակցությունը, հաջորդ հավաքին կզրուցենք մարզիկների հետ, միասին կգտնենք խնդիրները վերացնելու ուղիները, որպեսզի այս տարվա աշխարհի առաջնությունում, որը օլիմպիական վարկանիշային է, առավելագույն վարկանիշների համար պայքարենք օլիմպիական վեց քաշային կարգերում»,-ասաց Ալեքսանյանը եւ ավելացրեց, որ Եվրոպայի առաջնությունում մեդալների պակասը փորձելու են լրացնել աշխարհի առաջնությունում՝ լուրջ պայքար մղելով նաեւ օչ օլիմպիական քաշային կարգերում:

Մարզիչ Սամվել Գեւորգյանն իր գործընկերների ասածներին հավելեց, որ անհրաժեշտ է աշխարհի առաջնությանը ավելի լավ նախապատրաստվել եւ ավելի հաջող  մասնակցել, քան Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի խոսքով. «Բոլոր հաղթանակներն էլ իրենց տեղն ունեն, որովհետեւ դրանցից  յուրաքանչյուրի համար մարզիկը մարզիչների հետ միասին հսկայական աշխատանք է կատարում: Մեր հավաքականը աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է, մեր մարզիչներն աշխարհի լավագույն մարզիչներից են: Եվ ամեն ինչ անելու ենք, որ գալիք աշխարհի առաջնությանը եւ դրանից հետո նաեւ օլիմպիական խաղերին լավ մասնակցենք ու մեր երկրի պատիվը միշտ բարձր պահենք»: Ճերմակ Արջը նաեւ ավելացրեց, որ մրցակցությունը միշտ էլ ուժեղ է, քանի որ Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չեն լինում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, չնայած չեմպիոնական տիտղոսը նվաճելուն, գոհ չէ իրենից. «Այս անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելը մի փոքր ավելի բարդ ստացվեց, սակայն հաջողությունը կրկնելը հնարավոր դարձավ մարզիչների հետ կատարած արդյունավետ աշխատանքի շնորհիվ»: «Եզրափակիչ գոտեմարտերը միշտ էլ ծանր են լինում: Եզրափակչի մրցակիցս՝ սերբ Վիկտոր Նեմեշը, շատ լավ էր նախապատրաստվել եւ հաղթանակի համար ամեն ինչ արեց: Սակայն կարողացա վերջին վայրկյաններին հնարք կատարել եև կորսվածը հետ բերել: Բայց պիտի ասեմ, որ այդ գոտեմարտից գոհ չեմ, որովհետեւ եթե հնարքը չստացվեր, ելքը ճակատագրական կլիներ ինձ համար»,-ասաց Մալխաս Ամոյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանն ընդգծեց, որ մեծահասակների մեջ իր նվաճած առաջին մեդալն է: «Ճիշտն ասած՝ Եվրոպայի առաջնություն մեկնել էի ոսկե մեդալի համար, բայց որոշ բաներ չստացվեցին»,-ասաց ըմբիշը: Նա առանձնացրեց հենց 3-րդ տեղի համար գոտեմարտը, քանի որ երկու տարի այդ տեղի համար գոտեմարտերում պարտվել էր, եւ դա իր ամենացանկալի բանն էր այդ պահին: Հրաչյան մեծ հույս հայտնեց, որ ոսկեփայլ մեդալը հաջորդ անգամ արդեն կնվաճի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031