Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերացման քաղաքականության մաս են կազմում». դեսպան Մարգարյանն ընդգծել է՝ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված են

Մայիս 03,2023 14:06

Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերվածություներին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում։

Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։

Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև 2021թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, և շիրիմների դեմ»։

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031