Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասունացել է բողոքի լուրջ ալիք». Վիգեն Հակոբյանը՝  IRI-ի հետազոտության եւ Փաշինյանի 14% վարկանիշի մասին

Մայիս 03,2023 13:50

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ/ IRI) հրապարակել է սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:

Ի թիվս այլնի, ըստ այդ հետազոտության,  հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, եւ ընդամենը  36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է: Ըստ նույն աղբյուրի, ընդամենը 17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով, հարցվածների 42%-ը դժգոհ է, իսկ 35%-ն ընդհանրապես որևէ ժողովրդավարական փոփոխություն չի տեսնում:

IRI-ի կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալների համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 14% է, եւ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21% -ը,  իսկ Երևանում այդ ցուցանիշը 17% է:

Aravot.am-ը այս պատկերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանից: «IRI-ը  բավականին լուրջ կառույց է, դա ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտն է, ուստի պետք է այս թվերին լուրջ վերաբերվել, թեեւ ամեն դեպքում այդ սոցհարցումն արվել է հայաստանյան որեւէ կազմակերպության կողմից, որովհետեւ իրենք պատվեր են տալիս, եւ սոցիոլագիական կազմակերպություն չեն:  Բոլոր թվերը բավականին ցածր ցուցանիշներ են  արտացոլում իշխանության վարած քաղաքականության արդյունավետության առումով:  Այլ կերպ ասած՝ դժգոհությունը բոլոր ոլորտներում բարձր է  իշխանության վարած քաղաքականության, մոտեցումների եւ առավել եւս արդյունքների նկատմամբ:

Սա նշանակում է , որ հասարակության մեջ հասունացել է բողոքական լուրջ  ալիք, պոտենցիալ: Փողոցում դա չի արտահայտվում, որովհետեւ առաջնորդության խնդիր կա, թե ովքեր պետք է այդ բողոքը կառավարեն: Բազմիցս ասել եմ, որ ընդհանրապես չեմ հավատում, երբ ասում  են՝ ինքնաբուխ բողոքի գործողություններ են:

Այդ ինքնաբուխի դեպքում կամ իրականում կա որեւէ շարժիչ ուժ, առաջնորդ, որը ինչ-որ մի պահի չի  ուզում  երեւալ, կամ եթե ինչ-որ ինքնաբուխ շարժում է սկսվում, շատ արագ, ժամերի ընթացքում հայտնվում է առաջնորդ: Դրա համար ուզում եմ ասել, որ IRI –ի ցուցանիշները փաստում են, որ կա բողոքական պոտենցիալ, որը կարող է ցանկացած պահի պայթել, դա կլինի փողոցային  գործողությունների, բունտի տեսքով, խաղաղ կամ ոչ խաղաղ՝ կախված նրանից, թե ինչ առաջնորդ ի հայտ կգա, եւ առաջնորդությունը որտեղից կլինի:

Հետազոտության  արդյունքները, որը համարում ենք մեր ժողովրդի կարծիք, եւ այն պատկերը, որ տեսնում ենք կենցաղում ու փողոցում, կարծես դիսոնանսի մեջ են: Բայց այդ դիսոնանսը, ինչպես արդեն նշեցի, պայմանավորված է նրանով, որ այս պահին որեւէ քաղաքական ուժ կամ հոսանք իր վրա դեռեւս չի վերցնում առաջնորդելու գործառույթը: Այսինքն,  բողոքի այս ալիքը սպասում է իր առաջնորդին»,-ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031