Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին. Էլդար Մամեդով 

Մայիս 03,2023 13:15

Ինչու՞ ենք մենք փող տրամադրում հեռավոր երկրի կոռումպացված դեսպոտիզմին

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ – դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել American Conservative պարբերականում, որում կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Մինչ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության հիշատակը, նրա վարչակազմը շարունակում է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ 2020թ. հայկական ուժերի նկատմամբ իր ռազմական հաղթանակով քաջալերված՝ Ադրբեջանը գործի է դնում իր առավելությունը՝ Հարավային Կովկասին հարկադիր «խաղաղություն» պարտադրելու համար։ ԱՄՆ-ն որևէ գործ չունի օգնելու Բաքվին հասնել իր նպատակներին՝ որևէ ճանապարհով կամ որևէ ձևով, առավել ևս՝ ամերիկացի հարկատուների փողերով:

Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող հայաշատ անկլավը, Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ այսպես կոչված Լաչինի միջանցքի վրա։ Դա արվեց 2020թ. պատերազմին վերջ տված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտմամբ։

Ըստ համաձայնագրի՝ ռուս խաղաղապահներ էին տեղակայվել տարածաշրջանում՝ իբր երաշխավորելու դրա իրականացումը, այդ թվում՝ խնդրո առարկա ճանապարհի անվտանգությունը: Այնուամենայնիվ, նրանք կարծես թե այլ կողմ էին նայում, քանի որ Ադրբեջանը շարունակեց փակել միջանցքը: Տարածաշրջանային վերլուծաբանները հնարավոր են համարում Մոսկվայի դավադրություն Բաքվի հետ: Նույնիսկ անհավանական համարվող այնպիսի սցենարում, եթե Ադրբեջանը գործեր առանց Կրեմլի հետ գոնե նախնական համաձայնության, այս զարգացումը միայն ընդգծում է տարածաշրջանում կայունացնող դեր խաղալու Ռուսաստանի հավակնությունների անհուսալիությունը:

Անցակետի տեղադրումը Ղարաբաղի հայերի մեկուսացման, անկլավի շրջափակման և սպառնալիքների (որոնք կարող են հավասարվել էթնիկ զտման)՝ ամիսներ շարունակվող քաղաքականության գագաթնակետն է: Այս տարվա սկզբին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) Ադրբեջանին պարտավորեցրել էր դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս պարտավորեցնող հրամանը պահանջում էր, որ Ադրբեջանը «ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը միջանցքով երկու ուղղություններով», ըստ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի:

Ադրբեջանը ոչ միայն անտեսեց այդ հրամանը, այլև նրա ավտոկրատ նախագահ Իլհամ Ալիևը նոր սպառնալիքներ հնչեցրեց տեղի բնիկ հայ բնակչության դեմ՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքել տարածքը: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ժառանգական բռնապետություն է, որը միջազգային ժողովրդավարության, մարդու իրավունքների և թափանցիկության վարկանիշում զբաղեցնում է ամենավերջին տեղը, այս վերջնագիրը, ըստ էության, պահանջում է, որ տեղի բնակչությունը ենթարկվի բռնապետական իշխանության, որը մերժում է իրավունքները նույնիսկ իր սեփական քաղաքացիների համար:

Դրան գումարվում է Բաքվի՝ պաշտոնական մակարդակով հակահայկական ելույթը. վերջերս Ադրբեջանի խորհրդարանը Եվրոպայի հայազգի քաղաքացիներին անվանեց «քաղցկեղային ուռուցք»: Քանի որ Բաքուն ամբողջությամբ բացառել է Ղարաբաղի հայերի համար նույնիսկ սահմանափակ մշակութային ինքնավարության ցանկացած ձև, կարելի է միայն եզրակացնել, որ նա ստեղծում է պայմաններ, որոնք կդրդեն նրանց հեռանալ իրենց նախնիների տներից, ինչը կարող է որակվել որպես էթնիկ զտում:

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը կարող է ավելի հեռուն գնալ և իրական ծախսեր պարտադրել Բաքվին՝ դադարեցնելով այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը: Դա իրագործելու համար ԱՄՆ-ը պետք է հետևի միայն իր օրենսդրությանը` հղում կատարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ կետին, որն ընդունվել էր 1990-ականների սկզբին` Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմի ժամանակ արգելափակելու համար ԱՄՆ-ի ցանկացած ռազմական օգնությունն Ադրբեջանին: Փաստորեն, սա այն է, ինչ ներկայում պահանջում է Ներկայացուցիչների պալատի 69 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը:

Այդ դրույթն առաջին անգամ չեղարկվեց 2002թ. և դրանից հետո ամեն տարի չեղարկվում է՝ այսպես կոչված «Ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի» (GWOT) համատեքստում։ GWOT-ը ստեղծեց Մերձավոր Արևելքի անբարեխիղճ ռեժիմների հետ հարաբերությունների մի ամբողջ լայն ցանց, որը համարվում է օգտակար ահաբեկչության դեմ պայքարում: Վաշինգտոնյան «Անվտանգության աջակցության մոնիտորինգ» կազմակերպության տվյալներով՝ միայն 2018 և 2019 ֆինանսական տարիներին Ադրբեջանն օգտվել է ավելի քան 100 միլիոն դոլարի ԱՄՆ անվտանգության աջակցությունից:

Քանի որ GWOT-ը չեղարկվում է, և ԱՄՆ-ը վերակողմնորոշվում է դեպի մեծ տերությունների մրցակցություն, այդ հարաբերություններն անձեռնմխելի պահելու ողջամիտ հիմնավորում չկա: 2023թ. 907-րդ կետից հրաժարվելու անհեթեթությունն ընդգծվում է նրանով, որ դա սահմանվել էր այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղին հարող ադրբեջանական տարածքներն էին օկուպացված հայկական ուժերի կողմից, մինչդեռ այսօր Ադրբեջանն է, որ ապակայունացնում է տարածաշրջանը։

Երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Նյու Ջերսիից դեմոկրատ Բոբ Մենենդեսը ճնշեց պետքարտուղար Բլինքենին այս կետով, նա միայն թույլ պաշտպանություն առաջարկեց. հաջորդ ֆինանսական տարվա համար Ադրբեջանին հատկացված 700,000 դոլարը կօգտագործվի ադրբեջանցի սպաների վերապատրաստման համար, ըստ Բլինքենի՝ այն հույսով, որ այդպիսով կխթանեն նրանց «արևմտյան կողմնորոշման» զարգացումը։ Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, բայց եթե «արևմտյան կողմնորոշումը» հոմանիշ է միջազգային նորմերի նկատմամբ հարգանքին, ապա ԱՄՆ տարիների աջակցությունը հաշվի առնելով, այդ նպատակին հասնել չի հաջողվել: Ադրբեջանցի զինվորականները բազմաթիվ փաստագրված բռնություններ են գործել հայ ռազմագերիներ և խաղաղ բնակիչների նկատմամբ: Բաքվի պաշտոնական հռետորաբանությունն ու գործողությունները մոտ ապագայում որևէ դրական փոփոխության նշան ցույց չեն տալիս:

Նույնքան անհիմն է այն ենթադրությունը, որ նման օգնությունը  ավելի ընկալունակ կդարձնի Ադրբեջանին ամերիկյան շահերի նկատմամբ։ Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները խիստ գործարքային են, հիմնականում հիմնված են երկրի նավթի և գազի (սահմանափակ) պաշարների օգտագործման վրա՝ որպես այլընտրանք ռուսական մատակարարումների: Այնուհանդերձ, մինչ «բազեական» Վաշինգտոնը ոգևորում է Ադրբեջանին, այնպիսի վերլուծական կենտրոններ, ինչպիսին է Հադսոնի ինստիտուտը, այդ երկիրը պատվար են կանգնեցնում Ռուսաստանի և Իրանի ազդեցության դեմ, և այդպիսով նրան արժանանի համարում ԱՄՆ աջակցությանը: Իրականում Բաքուն շատ զգույշ է, որպեսզի չհակադրվի Մոսկվային։ Ադրբեջանի կառավարությունը լիովին իրավասու է վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը համարում է համապատասխան իր երկրի ազգային շահին, սակայն չկա պատճառ, թե ինչու պետք է ԱՄՆ-ն ֆինանսավորի այն։

Այնուհետև Բլինքենը պատրաստեց ենթադրյալ հաղթաթուղթ, որն արդարացնում էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը. Իրանի սպառնալիքը, որի հետ Ադրբեջանը երկար սահման ունի, և որը «պետք է պաշտպանել»: Անհասկանալի է, թե ինչու պետք է Իրանի հետ Ադրբեջանի սահմանի պաշտպանությունը լինի ԱՄՆ-ի գործը: Ադրբեջանը անվտանգության ինտենսիվ հարաբերություններ ունի Իսրայելի և Թուրքիայի հետ և առավել քան ի վիճակի է (կամ պետք է լինի, ամեն դեպքում) պաշտպանելու իր սահմանները:

Հատկանշական է, որ Ադրբեջանը հեռու է Իրանի հետ լարվածության մեջ անմեղ լինելուց: Պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարությունը միայն ուժեղացրել է իր իրեդենտիստական պահանջները թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի նկատմամբ։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը պետք է լինի այնքանով, որ նա կոչ անի և՛ Ադրբեջանին, և՛ Իրանին դիվանագիտական ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները, այլ ոչ թե միակողմանիորեն աջակցել մի կառավարության, որն ակտիվորեն լարվածություն է հրահրում:

Բայդենի վարչակազմը պետք է համահունչ գործի Հայոց ցեղասպանության ոգեկոչման իր ոգուն և դադարեցնի ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։ Նման աջակցությունը չի արտացոլում ո՛չ ամերիկյան արժեքները, ո՛չ էլ առաջ մղում ամերիկյան շահերը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031